Նյութը՝ Շանթ Ալեքսանդրի, Թարգմանությունը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Շանթ Ալեքսանդրի
Տեղադրվել է 03-09-2017
Երիտասարդները՝ Հայաստանում գենդերային հավասարության մասին
2016 թվականին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գյումրին, չնայած այն հանգամանքին, որ արդեն իր տիտղոսը հանձնել է Չարենցավանին, շարունակում է երիտասարդների միջոցով ապահովել քաղաքի զարգացումը:

Գաղտնիք չէ, որ հենց երիտասարդներն են հանդիսանում յուրաքանչյուր քաղաքի շարժիչ ուժը, իսկ Գյումրիում գործող ՀԿ-ներն անում են ամեն հնարավորը՝ երիտասարդությանը շուրջ 47 հանրային դպրոցի կյանքին ներգրավելու ուղղությամբ:

Այս ամառ Հայաստան ժամանած «Դեպի Հայք» կամավորական ալիքը, որը ներառում էր 20-32 տարեկան աշխարհասփյուռ երիտասարդների, կամավորական աշխատանքներ կատարեցին Գյումրիում, Վանաձորում եւ Երեւանում: Ավելի վաղ ներկայացրել էինք նրանց գործունեությունն ու ծանոթությունը հայրենիքի հետ:  

26-ամյա Արաքս Սարգսյանը Գյումրիի «Ռադիո Մարիամ»-ի հանրային կապերի պատասխանատուն է: Նրա գենդերային պատկերացումները տարբերվում են ավանդականից: Նա աշխատում է տեղի երիտասարդների, հատկապես երիտասարդ կանանց հետ: 

«Գյումրիում շատ երիտասարդական կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են գենդերային հավասարության խնդրով եւ քննարկում դրա հետ կապված հարցերը, սակայն դրանց թվում չկան երեխաների հարցերով զբաղվողներ,- նշում է Արաքս Սարգսյանը եւ հավելում,- «Ռադիո Մարիամ»-ում մենք երիտասարդներին սովորեցնում ենք, թե ինչպես է պետք ինքնաարտահայտվել, կազմակերպում ենք խմբային քննարկումներ՝ շեշտը դնելով գյուղական համայնքների երիտասարդների վրա, ովքեր հաճախ չեն կարողանում մասնակցել»:

16-30 տարեկան կանայք Հայաստանում կազմում են ամենամեծ դեմոգրաֆիական (ժողովրդագրական) խումբը, սակայն դրա հետ մեկտեղ՝ որոշ հարցերում, ինչպես նախկինում, հիմա եւս հետ են մնում հակառակ սեռից՝ տղամարդկանցից: Սակայն պետք է նշել, որ նրանք նաեւ տեսնում են որոշակի առաջընթաց՝ նախկին սերնդի կանանց հետ համեմատած: 

«Իմ եւ ծնողներիս սերունդների տարբերությունը հսկայական է: Մենք ցանկանում ենք իրականացնել մեր երազանքները, սակայն Խորհրդային Միության ժամանակ մեր ծնողները չէին կարող անել այն, ինչ ցանկանում էին: Գործում էին կանոններ, որոնց պետք է հետեւեին եւ ենթարկվեին»,- ասում է Գյումրիի անասնաբուժական կլինիկայի աշխատակից Անուշիկ Հարությունյանը, ով իր երիտասարդությունն անցկացրել է տարբեր կրթական հաստատություններում: Նա աշխատանքային վերջին տարիներին որոշեց փոխել ոլորտը եւ ընտրել անասնաբուժությունը: 

Չնայած կրթական եւ աշխատանքային մեծ հնարավորություններին՝ Անուշիկը դեռ հանդիպում է սոցիալական ճնշումների (խնդիրների)՝ իր ընտանեկան կարգավիճակի հետ կապված: 

«Ես 28 տարեկան եմ: Մարդիկ կարծում են, որ այս տարիքն արդեն ամուսնության եւ երեխաներ ունենալու տարիք է: Իմ ընկերուհիներից գրեթե բոլորն ամուսնացել են, ունեն ընտանիք եւ երեխաներ: Նրանց համար տարօրինակ է, որ ես այս տարիքում որոշել եմ նոր մասնագիտություն եւ նոր աշխատանք ձեռք բերել»,- ասում է նա:

Տեսականորեն սոցիալ-պահպանողական նորմերն ու հավասար իրավունքները կանանց եւ տղամարդկանց համար գոյություն ունեն 2 ոլորտում: Մի շարք հետազոտողներ գտել են իրար հաջորդող օրինակներ՝ կապված այն բանի հետ, թե ինչպես է  սոցիալական ոլորտն ազդում ազգային օրենքների վրա: 

Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր Սվետլանա Ասլանյանը 2010 թվականին հրապարակած իր հոդվածներից մեկում շեշտում է, որ գենդերային հավասարության հաստատման ճանապարհին խոչընդոտ են հենց այն հաստատությունները, որոնց նպատակը հասարակությունում գենդերային հավասարության հաստատումն է: Մասնավորապես հայտարարվեց, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանվում է կանանց եւ տղամարդկանց հավասարություն, սակայն ամենօրյա կյանքում առկա ուժգին մեխանիզմները հայաստանյան հասարակությունում չեն գործում: Ասլանյանը ոչ մեկ անգամ է շեշտել կառավարական եւ խորհրդատվական ընկերությունների նախագծերը, որոնց մեծ մասի գործարկումը կա՛մ ընդհատվել է՝ չհասնելով նպատակին, կա՛մ դրանք զուրկ են եղել ռեսուրսներից՝ պարտականությունների իրականացման առումով: 

Գենդերային անհամատեղելիության այս թեման, կարելի է ասել, շարունակությունն էր 2011-2015 թթ. Գենդերային հավասարության զարգացման ռազմավարական պլանի, որն  առաջ էր քաշվել Կառավարության  կողմից եւ ներկայացվել ՄԱԿ, եւ որը պարզ նպատակ ուներ. «Ներդաշնակություն ստեղծել ներկայիս օրինական ակտերի եւ միջազգային  նորմերի միջեւ, կանխել գենդերային բռնությունը եւ մարդկանց թրաֆիքինգը»: Այլ խոսքով ասած՝ դրանք իրագործվեն միջազգային նորմերի համաձայն, ինչպիսիք են կանանց նկատմամբ իրագործվող բռնությունների կանխմանն ուղղված այն կոնվենցիաները, որոնք ստորագրել է Հայաստանը:

Ավելի վաղ, երբ այս տարի ընդունվեց միջազգային նորմերին համապատասխան օրինագիծ՝ կապված Հայաստանում ընտանեկան բռնությունների դեմ («Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենք), Ազգային ժողովում ընդդիմությունը դեմ հանդես եկավ  եւ այն որակեց որպես ազգային արժեհամակարգի մերժում եւ եվրոպական մոդելի ընդունում: «Եվրոպացիները փորձ են անում հեղինակազրկել հայկական ազգային արժեքները»,- նշել էր «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր Արմեն Բոշյանը: 

Չնայած դրան՝ փաստ է, որ դա, այսպես ասած, բանալի է Հայաստանի համար՝ 11 միլիոն եվրո աջակցություն ստանալու համար: 

Ընտանեկան բռնության թեման տարակարծություն ունեցող խնդիրներից մեկն է: Եվ համաձայն ԵԱՀԿ-ի 2011 թվականի հարցումների՝ հայ կանանց 60%-ի գենդերային հավասարությունն ու իրավունքները ոտնահարվում են: Այդ խնդիրների մեծ մասն առաջ է գալիս հարսանեկան օրերի ընթացքում: 

Որոշ փաստեր ցույց են տալիս, որ կանանց իրավունքների մասին խոսվել է դեռեւս մ.թ.ա. 443 թվականից: Դրանք շոշափվեցին նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության եւ դրան հաջորդած սովետական կարգերի ժամանակ:

«Այստեղ ոչինչ չկա, որ Կառավարությունը կարող է իսկապես փոխել, այլ դա կարող է գալ միայն մարդկանցից, սակայն մարդիկ փոխում են միայն այն, ինչ ցանկանում են: Ուստի, եթե մարդիկ չեն ուզում հավասարություն, ուրեմն այն չի լինի: Երիտասարդ զույգերն ու ընտանիքները, որոնք նոր են ձեւավորվում, քննարկումների մեջ են»,- ասում է Արաքս Սարգսյանը:  

Նշենք, որ «Դեպի Հայք» հիմնադրամի եւ նրա գործունեության մասին տեղեկություններ կարող եք գտնել՝ այցելելով  www.birthrightarmenia.org  կայք: