Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի և Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-09-2017
Իջեւանը հռչակվեց 2018 թ.-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք
Այսօր` սեպտեմբերի 4-ին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեցին 2018 թվականի «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:



Ներկա էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, նախարարության եւ հայտ ներկայացրած քաղաքների ներկայացուցիչները, ինչպես նաեւ փորձագետները:



Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, ՀՀ Տավուշի մարզի Իջեւան եւ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքները: Փորձագիտական խումբը մինչ SMS քվեարկության մեկնարկն այցելել էր հայտ ներկայացրած քաղաքներ եւ ծանոթացել երիտասարդների խնդիրներին եւ ներուժին: 



Դավիթ Հայրապետյանը ներկայացրեց SMS քվեարկության եւ փորձագետների գնահատականների արդյունքները, որոնց հանրագումարում ստացվեց հետեւյալ պատկերը.

Ջերմուկ – 12 միավոր 
Գավառ -26 միավոր
Իջեւան - 28 միավոր



Այսպիսով՝ մրցույթի հայտերի փորձագիտական գնահատման եւ SMS քվեարկության արդյունքում՝ 2018 թ.-ի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ճանաչվեց ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքը:



ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը շնորհավորեց երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Իջեւանի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնեց ՀՀ երիտասարդական փոխմայրաքաղաք Գավառի եւ 3-րդ տեղը զբաղեցրած Ջերմուկի ներկայացուցիչներին: Փոխնախարարի խոսքով՝ անկախ արդյունքներից, կարելի է փաստել, որ այս եւ նմանօրինակ ծրագրերն օգնում են տեսնել ու բացահայտել քաղաքների թաքնված լուսավոր կետերը. «Մեր քաղաքների միջեւ հաճախ բացակայում է ուղղահայաց կապը, ուստի կարծում եմ, որ Իջեւան, Գավառ եւ Ջերմուկ քաղաքները կարող են լրացնել այդ բացն ու կառուցել համագործակցության լայն շրջանակներ»:



Իջեւան քաղաքի ներկայացուցիչ Նարեկ Վարշամյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն ու փորձագետներին՝ նմանաբնույթ ծրագիր իրագործելու համար, ինչպես նաեւ նշեց, որ Իջեւան քաղաքի հաղթանակն իսկապես անակնկալ էր: «Անկախ նրանից՝ կհաղթեր Գավառը կամ Ջերմուկը, մենք յուրաքանչյուրի համար ուրախ կլինեինք, քանի որ, ի վերջո, հաղթում է Հայաստանի Հանրապետությունը»,- փաստեց Նարեկ Վարշամյանը եւ հավելեց, որ Ջերմուկի եւ Գավառի ներկայացուցիչներին սպասում են Իջեւանում: 



Իջեւանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի ղեկավար Լիլիթ Ղալումյանն իր հերթին փաստեց, որ Իջեւանն աշխատել էր ներկայացնել իր ողջ ներուժը, իսկ տիտղոսն իրապես պարտավորեցնող է:



ՀՀ երիտասարդական փոխմայրաքաղաք հռչակված Գավառի ներկայացուցիչ Գրիգոր Դաշտոյանն էլ շնորհավորեց գործընկերներին եւ նշեց, որ Գավառը միշտ պատրաստ է ջերմ հյուրընկալության եւ համագործակցության համար:



Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է 2013 թվականից: 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք է ընտրվել Սիսիան քաղաքը, 2015 թվականին՝ Ստեփանավան քաղաքը, 2016 թվականին՝ Գյումրի քաղաքը, 2017 թվականին՝ Չարենցավան քաղաքը:



«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» ամենամյա մրցույթի կազմակերպման նպատակն է՝ 
• խթանել ՀՀ մարզերի համաչափ զարգացումը. 
• զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ բարեխիղճ եւ գործընկերային հարաբերությունները, ինչպես տեղական եւ հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում. 
• խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական եւ արդյունավետ մոդել. 
• նպաստել ՀՀ մարզերում երիտասարդական կազմակերպությունների եւ ենթակառույցների զարգացմանը։