Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 06-09-2017
Կայացավ երիտասարդ ռեժիսորների վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը
Սեպտեմբերի 4-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոարվեստ ֆակուլտետի հեռուստառեժիսուրա բաժնի ուսանողներ Լիլիթ Պետրոսյանի, Մանե Գրիգորյանի, Նվեր Հովհաննիսյանի, Մարիամ Եգորյանի ֆիլմերի ցուցադրությունը։



Ուսանողների համար ֆիլմերի ցուցադրումը շատ կարեւոր է, քանի որ դա առաջին ցուցադրությունն էր։ Ֆիլմերն  ուսանողների կուրսային աշխատանքներն են: Նրանց հետ հավասար աշխատել եւ հուզվել է Ռուբեն Գրիգորյանը, ում արվեստանոցում էլ սովորում են ապագա ռեժիսորները։



Ռուբեն Գրիգորյանը, ով ներկա էր ցուցադրությանը, մեծ հպարտությամբ ներկայացրեց իր ուսանողներին, նրանց աշխատանքները՝ ընդգծելով, որ վերջնական կարծիքը կարտահայտեն ներկաները։



Առաջինը ցուցադրվեց Նվեր Հովհաննիսյանի «Որտե՞ղ է երջանկությունը» ֆիլմը, որում երիտասարդ հեղինակը փորձում է գտնել երջանկությունը. այդ հարցի պատասխանը նրան տանում է դեպի մանկություն: Ցուցադրությանը ներկա էին  նաեւ ֆիլմի երջանիկ հերոսները՝ 3 փոքրիկները։



Լիլիթ Պետրոսյանի՝ 45 րոպե տեւողությամբ նկարահանած «Երաշտ» ֆիլմն էլ պատմում է Լավրենտ պապի մասին, ով 75 տարեկանում փորձում է փրկել իր ընտանիքը, որը հարսի անբարոյականության պատճառով կործանվում է:



Մարիամ Եգորյանի «Լինել» վավերագրական ֆիլմի հերոսներն էլ քաղցկեղը հաղթահարած մարդիկ են՝ հերոսներ, ովքեր իրենց մեջ ապրելու, պայքարելու ուժ են գտել: Հերոսներն իրենք էին խոսում կյանքի այդ դժվարին ընթացքի եւ իհարկե հաղթանակի  մասին։ Մարիամի ֆիլմի հերոսները նույնպես ներկա էին ցուցադրությանը։



Անմիջական հանդիպման ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ուներ հարց ուղղելու ինչպես ֆիլմերի հեղինակներին, այնպես էլ հերոսներին։

«Նարեկացի» արվեստի միությունը, չխախտելով ավանդույթը,  «Նուռը» նվիրեց Ռուբեն Գրիգորյանին. ամենայն հավանականությամբ այն իր տեղը կգտնի արվեստանոցում։