Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Թամարա Գասպարյանի
Տեղադրվել է 07-09-2017
Տեղի ունեցավ կոմպոզիտոր Դելլալյանի ժողովածուների շնորհանդեսը
«Եթե ծնվեմ նորից, ապա կընտրեմ միայն երաժշտությունը»,- սիրում էր կրկնել կոմպոզիտոր Հարություն Դելլալյանը:

Նրա ստեղծագործությունները հնչում են մինչ օրս: Դրանցից  հինգը երաժշտասերների դատին հանձնվեցին մահից միայն 27 տարի անց՝ սեպտեմբերի 6-ին:

Կոմպոզիտորի դուստր Նարինե Դելլալյանը նշում է, որ ժողովածուներ կազմելու միտքը միշտ եղել է: 

«Քանի որ այս տարի հայրիկիս 80-ամյակն էր, ես դիմեցի Մշակույթի նախարարություն՝ խնդրելով անդրադառնալ այդ տարեթվին՝ նպատակ ունենալով տպագրել նոտաները: Բարեբախտաբար, ես անմիջապես պատասխան ստացա»,- ասաց նա:

Նարինե Դելլալյանի խոսքով՝ ժողովածուները շուտով կհայտնվեն գրախանութներում եւ կուղարկվեն տարբեր երկրներ. «Կարծում եմ՝ սա բոլորիս հարստությունն է, մեր մշակույթը ներկայացնելու հրաշալի միջոց»: 

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեց Արայիկ Մանուկյանի «Հարություն» վավերագրական ֆիլմը: Հեղինակի նպատակը հասարակության լայն զանգվածներին կոմպոզիտորի ստեղծագործությանը ծանոթացնելն է:

«Ես ուզում եմ՝ հանրությունը ֆիլմով ճանաչի եւ մի քայլ ավելի մոտենա Հարություն Դելլալյանին, որովհետեւ նա շատ մեծ կոմպոզիտոր է: Ցավոք, Հարությունը շատ վաղ հասակում է հեռացել կյանքից՝ ստեղծագործական հասուն տարիքում, երբ կարող էր շատ բան անել հայ երաժշտության մեջ»,- նշեց նա:

ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կողմից հնչեց Դելլալյանի «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրային սոնատը:

Հարություն Դելլալյանը ծնվել է 1937 թ. Աթենքում։ 10 տարեկանում ծնողների հետ ներգաղթել է Հայաստան։ 1968-1972 թթ. սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական եւ ստեղծագործական բաժիններում։ 1977 թվականին ավարտել է Երեւանի կոնսերվատորիան: Դելլալյանը եղել է Էդուարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի, Էդուարդ Բաղդասարյանի աշակերտը։ 1988 թվականին համերգներով եւ դասախոսություններով հանդես է եկել Հունաստանում եւ Կիպրոսում: ՀԽՍՀ կոմպոզիտորների միության անդամ էր: