Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-09-2017
«Իմ անցյալի դիմանկարները»՝ մեծ էկրանին
Ֆիլիպ Պողոսյանի «Իմ անցյալի դիմանկարները» խաղարկային, լիամետրաժ ֆիլմը սեպտեմբերի 7-ից մեծ էկրան կբարձրանա:
Ֆիլմի պրեմիերան սեպտեմբերի 6-ին կայացավ «Կինոպարկ» կինոթատրոնում: Այն սիրո պատմություն է, կյանքի փիլիսոփայություն, դժբախտ դեպքեր, որոնք օգտագործվում են ֆիլմի հերոսի՝ Դավիթի միակ երազանքի՝ ֆիլմ ստեղծելու մեջ: 

Գեղարվեստի ակադեմիայում սովորող, ռոմանտիկ հայացքներով ուսանողը՝ Դավիթը, սիրահարվում է, սակայն տարբեր պատճառներով սիրած աղջկան այդպես էլ չի հասնում: Փոխարենն իրար հետեւից նրա փոքրիկ արվեստանոցում ծնվում են Անահիտի դիմանկարները: 

Նա ուրիշներով տարվելու դեպքում էլ, չգիտես ինչու, միշտ Անահիտին է նկարում: Հերոսի օրն անցնում է՝ պատահական ծանոթների հետ գիշերներ անցկացնելով, որն ի վերջո ավարտվում է՝ երկրորդ անգամ սիրահարվելով: Երկու սերերի զուգահեռում հերոսն իրեն չի կարողանում գտնել, որը հաջողվում է միայն նրա պատմության հիման վրա նկարահանված «Իմ անցյալի դիմանկարը» ֆիլմում:

Սցենարի համահեղինակը, ռեժիսորը, գլխավոր դերակատարը Ֆիլիպ Պողոսյանն է: Մարիայի կերպարը մարմնավորել է դերասանուհի Թամարա Գեւորգյանը, Անահիտի կերպարում Գայանե Մարտիրոսյանն է: Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, նկարահանումները շուրջ 6 ամիս են տեւել: 

«Ֆիլմում մի քանի գաղափարներ են շոշափվում: Մարդն իր անհաջողությունները, դժբախտ կյանքը վերափոխում է հաջողությունների, հաջողակ կյանքի, որը շատ լավ արտահայտվում է ֆիլմի վերջում: Ֆիլմն ինձ համար կյանք է: Այնտեղ կատարվող դեպքերն իրական հիմք ունեն»,- մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Պողոսյանը:

«Մարիայի կերպարն ինձ համար նոր էր այն առումով, որ դրական է, իսկ ես միշտ բացասական կերպարներ եմ խաղացել: Մարիայի կերպարն ինձ շատ է դուր գալիս, բայց խաղալը հեշտ չէր: Կերպարի մեջ ինձ համար կարեւոր դաս էին նրա բնավորությունը, խառնվածքը, որն ի վերջո մենակության է հանգեցնում. Մարիան այդպես էլ չի ամուսնանում»,- ասում է դերասանուհի Թամարա Գեւորգյանը:

Պատկերասրահ՝ «Իմ անցյալի դիմանկարները» ֆիլմի պրեմիերան