Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-09-2017
«Miss Planet-2017» մրցույթում Հայաստանը կներկայացնի Անիտա Հարությունյանը
Բաթումիում սեպտեմբերի 11-17-ը կանցկացվի «Miss & Mister Planet 2017» գեղեցկության, նորաձեւության միջազգային հեղինակավոր մրցույթը: Հայաստանն այս տարի ներկայացնելու է Անիտա Հարությունյանը:

Նրա հետ աշխատում է մեծ թիմ՝ «Թոփ մոդել Հայաստան»  ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը, ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար Մարինա Գրիգորյանը, ասոցիացիայի նախագահ, հիմնադիր Գեւորգ Ասատրյանը, ինչպես նաեւ մի շարք մասնագետներ, ովքեր զբաղվում են մոդելի արտաքին կերպարով եւ հագուստների մոդելավորմամբ: 

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում «Թոփ մոդել  Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանը, ով նաեւ զբաղվում է կազմակերպչական աշխատանքներով,  մի շարք մանրամասներ ներկայացրեց մրցույթի եւ Անիտա Հարությունյանի մասնակցության մասին: Լուսինե Բաղդասարյանի խոսքով՝ «Miss Planet» հեղինակավոր մրցույթին Հայաստանը մասնակցում է արդեն 3-րդ անգամ: 1-ին եւ 2-րդ անգամ առավել փոքր տարիքի մասնակիցներ են ներկայացվել, սակայն այս տարի որոշում է կայացվել տարիքային շեմը բարձրացնել, քանի որ ճիշտ եւ վստահ ներկայանալու համար տարիքը բավականին մեծ նշանակություն ունի:



«Անիտան մասնագիտությամբ դերասանուհի է, Ռուսաստանում որպես մոդել է աշխատել եւ անցած ճանապարհը նրան առավել ներկայանալի եւ վստահ է դարձնում: Նա առհասարակ առանձնանում է իր համարձակությամբ, միջավայրին հեշտ հարմարվելու, մարդկանց հետ ընկերանալու ունակությամբ»,-նշեց կազմակերպիչը:

Հայաստանյան մասնակիցը ցուցադրությանը կմասնակցի նաեւ ազգային տարազով: Լուսինե Բաղդասարյանի հավաստմամբ՝ նախորդ տարիներին ներկայացվել են Վասպուրականի եւ Արցախի ազգային տարազները, իսկ այս տարի կներկայացվի ավանգարդային ոճը: Ազգային տարազի հեղինակը Սոֆի Դեւոյանն է, ով մեծ հաճույքով համաձայնել է տրամադրել հագուստը: Հագուստների մոդելավորման եւ գաղափարի իրագործման գործում դիզայներները հաշվի են առել նաեւ մոդելի նախասիրությունները: Մեր ներկայացուցիչը նաեւ խորհրդանշական փոքրիկ նվերներ է պատրաստել ժյուրիի անդամների համար: 



«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի նախագահ, հիմնադիր Գեւորգ Ասատրյանը, ով նաեւ միջազգային ժյուրիի անդամ է, նշեց, որ այս պահին մասնակիցների տվյալներին կարելի է ծանոթանալ լուսանկարների միջոցով, սակայն տարիների փորձը ցույց է տալիս, որ ուժեղ մասնակիցների թվում լինում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, աֆրիկյան երկրների ներկայացուցիչները: Նրանք ոչ միայն աշխատում են լինել արտաքնապես գեղեցիկ, այլեւ ինտելեկտուալ: 

«Ժյուրիի ցանկացած անդամ փորձում է լավագույնին ընտրել, ինչը կարեւոր է: Բոլորն այդ սկզբունքով են առաջնորդվում, անգամ՝ Ադրբեջանի ներկայացուցիչները: Կարելի է ասել, որ սա այն բացառիկ մրցույթներից է, որտեղ քաղաքականությունը եւ երկրների  միջեւ հարաբերությունները չեն խանգարում մրցույթին»,- նշեց Գեւորգ Ասատրյանը:



«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար Մարինա Գրիգորյանը, ով աշխատանք է տանում քայլելու արվեստի (դեֆիլեի) հետ կապված, փաստում է, որ կարճ ժամանակ է, ինչ միասին են աշխատում, սակայն արդյունքն արդեն ակնհայտ է: Մարինա Գրիգորյանը հաջողության լավագույն գրավականը համարեց Անիտայի ինքնավստահությունը, որը նրան առաջ է մղում: 

Մեզ հետ զրույցում Անիտա Հարությունյանն էլ նշեց, որ մրցույթին պատրաստվում է մեծ ջանասիրությամբ, բարձր տրամադրությամբ, վստահությամբ, համարձակությամբ, քանի որ մտադիր է հաղթանակով վերադառնալ: 



«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել այդպիսի հեղինակավոր մրցույթում եւ հատկապես ներկայանալ ազգային տարազով: Ես վստահորեն գնում եմ դեպի հաղթանակ, եւ սրանք զուտ բառեր չեն: Ինձ համար խոսքը մեծ զորություն ունի: Շատ դեպքերում ասում են, որ կարեւորը մասնակցությունն է, սակայն ես կարծում եմ, որ պետք է մասնակցությունը լինի նպատակային, այսինքն՝ հաղթական ավարտով»,- ասաց Անիտա Հարությունյանը:

Նշենք, որ մրցույթի օրերին կլինի նաեւ հայկական կոնյակի համտեսում: