Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-09-2017
Բացվեց Շուշան Սարգսյանի «Մայրամուտից լուսաբաց» խորագիրը կրող ցուցահանդեսը
Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց երիտասարդ նկարչուհի, մոդելավորող, ոճաբան, դեֆիլեի մասնագետ Շուշան Սարգսյանի «Մայրամուտից լուսաբաց» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ներկայացված էին հեղինակի մեկ տարվա 30 աշխատանքները՝ «Նոր մոտեցում՝ հնին ու նորին» կարգախոսով: Երիտասարդ նկարչուհին 2012 թվականից «Shushan Design Studio»-ի հիմնադիրն ու գլխավոր դիզայներն է: Իր աշխատանքներով մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Սովորել է Երեւանի «Ռոսլին» արվեստի ինստիտուտում, աշխատել Ն. Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանում:

Eritasard.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչով է պայմանավորված խորագրի ընտրությունը, եւ արդյոք նկարների դասավորությունը կապ ունի անվան հետ, նկարչուհին նշեց. «Յուրաքանչյուրիս կյանքում լինում են մայրամուտներ եւ լուսաբացներ, ինչպես նաեւ անխուսափելի են մեր ամենօրյա մայրամուտն ու լուսաբացը: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները հենց այդ թեմայով են, եւ դասավորությունն էլ պատահական չէ: Յուրաքանչյուր աշխատանք իմաստային առումով մեկը մյուսին զուգորդում է»:

Նկարչուհին իր աշխատանքներում տարբեր նյութեր է կիրառել: Նրա խոսքով՝ այն, ինչ նախապես լինում է մտքում, վերջնական արդյունքն ուրիշ է լինում, քանի որ նկարելու ընթացքում նոր մտքեր ու գաղափարներ են առաջ գալիս, որոնք նկարչուհին հանձնում է թղթին: 

Շուշան Սարգսյանը նաեւ ներկայացրել է «Կեղեքում», «Միամիտ կռիվ» եւ «Ազատում» 3D նկարները, որոնք մեկը մյուսի շարունակությունն են: Այդ նկարները, ինչպես նշեց նկարիչը, զգացմունքային նկարներ են: 

Այն հարցին, թե որ լուսանկարն է առավել յուրահատուկ իր համար, նկարչուհին դժվարացավ առանձնացնել՝ նշելով, որ ոչ մի աշխատանք պատահական չի ստեղծվել:

Շուշան Սարգսյանը մտադիր է ցուցահանդեսով հանդես գալ նաեւ արտերկրում, իսկ մինչ այդ արվեստասեր հասարակությունը «Մայրամուտից լուսաբաց» խորագիրը կրող ցուցահանդեսը կարող է վայելել Հայաստանի նկարիչների միությունում: 

Պատկերասրահ՝ «Մայրամուտից լուսաբաց» ցուցահանդեսի բացումը