Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 08-09-2017
Տեղի ունեցավ «Ռոդենի ձմեռը» գրքի շնորհանդեսը
Սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան, «Բուկինիստ» գրախանութում սովորականից ավելի մարդաշատ էր. գրքասերներին մի հարկի տակ համախմբել էր Դավիթ Սամվելյանի՝ վերջերս տպագրած «Ռոդենի ձմեռը» գիրքը:

Ժողովածուում տեղ են գտել 1.5 տարվա ընթացքում գրված մի շարք էսսեներ ու պատմվածքներ: Գրքի վերջում կան նաեւ երկու հավելվածներ, որտեղ հեղինակը ներկայացրել է նախորդ գրքերից այն ստեղծագործությունները, որոնք առավել շատ են սիրվել ընթերցողների կողմից։

Դավիթ Սամվելյանի խոսքով՝ գրքում շեշտված է 3 հիմնական գիծ. առաջինը մարդկային հակադիր բնավորություններն ու խառնվածքներն են: Մյուսը վերաբերում է հեղինակի հարազատ Երեւանին: Գրողը ցավով է նշում, որ քաղաքն աստիճանաբար կորցնում է իր դիմագիծը: Մասնագիտությամբ աստվածաբան Դավիթ Սամվելյանը չի շրջանցել նաեւ կրոնական թեման. «Գրեթե բոլոր պատմվածքների մեջ կարմիր թելի պես կա կրոնական հարցուպատասխանը: Փորձել եմ իմ իմացությունների չափով որոշակի ուղղվածություն ցույց տալ: Ժողովրդի մեջ արմատացած են, չեմ վախենա ասել, սխալ պատկերացումներ ու մոտեցումներ իրենց հավատքին»:

«Բուկինիստ»-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը, հավանելով գիրքը, հեղինակին խորհուրդ տվեց շարունակել գրել. «Ես հասկացա՝ չես չարչարվել, չես տառապել արհեստական իրավիճակներ ստեղծելու համար: Բնական է եւ հեշտ էլ կարդացվում է»:

Երկրից բացակայելու պատճառով գրքի խմբագիր Արմինե Բոյաջյանը ներկա չէր շնորհանդեսին, սակայն շնորհավորանքի խոսք էր ուղղել Դավիթ Սամվելյանին. «Ես պատիվ ունեցա խմբագրելու ժողովածուն, եւ ամեն տողի հետ գնացի մանկություն եւ պատանեկություն: Եթե գրողը կարողանում է ընթերցողի մեջ հուշ արթնացնել, նշանակում է՝ նա հաջողվել է: Կարեւոր չէ՝ ընթերցողը համամիտ է, թե ոչ այն լուծումների հետ, որ առաջարկում է հեղինակը. կարեւորն այն է, որ ընթերցողը միտք է անում այդ տողերի վրա»: 

Գիրքը լույս է տեսել 300 տպաքանակով: Դա հեղինակի չորրորդ ժողովածուն է՝ «Լուսե երազ», «Նա եւ նրա» եւ «Արտագաղթած կարոտ»-ից հետո։