Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-09-2017
PTPI-ի մեծ ընտանիքն ու ԱՄՆ նախագահի թոռնուհին Հայաստանում են
«People to People International» կազմակերպության մեծ ընտանիքի անդամներն աշխարհի տարբեր երկրներից ժամանել են Հայաստան:

Սեպտեմբերի 7-10-ը նրանք Երեւանում մասնակցում են Եվրոպական կոնֆերանսի, որի ընթացքում քննարկվում են կազմակերպության գաղափարախոսությանը, մարդասիրությանը, խաղաղասիրությանը, մշակութային փոխհամաձայնությանն ու միջմշակութային հարաբերություններին առնչվող հարցեր: 

«PTPI-ի հայաստանյան գրասենյակը բացվել է 2012 թ., բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, մասնակցում է PTPI-ի ծրագրերին: Յուրաքանչյուր տարի կազմակերպությունն անցկացնում է եվրոպական կոնֆերանս, եւ այն մասնաճյուղը, որը ցանկություն է հայտնում, որ իր երկրում անցկացվի կոնֆերանսը, հայտ է ներկայացնում, իսկ մյուս երկրները քվեարկում են: Նախորդ տարի Ավստրիայի ու Լեհաստանի հետ հայտ էր ներկայացրել նաեւ Հայաստանը: Քվեարկության արդյունքում կոնֆերանսն այս անգամ անցկացվում է մեր երկրում»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց PTPI-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Թամարա Թորոսյանը: 



Նրա խոսքով՝ Հայաստանում են մասնակիցներ մոտ 20 երկրներից՝ ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Դանիայից եւ այլն: Հայաստանյան մասնաճյուղի ղեկավարի հավաստմամբ՝ իրենք նաեւ մեր երկիրն են ներկայացնում տարբեր երկրներից ժամանած պատվիրակներին. այցելելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մատենադարան, Գառնի, Գեղարդ եւ այլ վայրեր:

Նշենք, որ PTPI-ը ստեղծվել է 1956 թ. ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերի կողմից։ Ներկայումս PTPI-ի մեծ ընտանիքի կազմում ընդգրկված են 23.700 անդամ աշխարհի տարբեր ծայրերից։ PTPI-ն աշխարհի քաղաքացիների շրջանում ստեղծում է միջմշակութային ցանց, միջմշակութային համագործակցությունն ընդլայնում մշակութային, կրթական, մարդասիրական ծրագրերի իրականացման, գաղափարների եւ փորձի փոխանակման միջոցով եւ պարզապես փորձում է մարդկանց համար աշխարհը դարձնել ավելի լավ վայր։ 

Կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել «People to People International» կազմակերպության ղեկավար, ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի թոռնուհի Մերի Ջին Էյզենհաուերը: 



«Կոնֆերանսը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Այս կոնֆերանսը շատ կարեւոր է, եւ մարդիկ աշխարհի տարբեր երկրներից եկել են մասնակցելու: Մենք աշխատում ենք աշխարհն ավելի լավը դարձնելու ուղղությամբ: Իմ պապիկի երազանքը կարծես իրականություն է դարձել: Նրա տարիներին բոլորը պառակտված էին: Այս կոնտեքստում մենք հաջողության ենք հասել, եթե նաեւ հաշվի առնենք այն, թե որտեղ ենք մենք եղել ու ուր ենք հասել: Նա շատ հպարտ կլիներ»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց Մերի Ջին Էյզենհաուերը: 

Եվրոպական կոնֆերանսը Հայաստանում կանցկացվի մինչեւ սեպտեմբերի 10-ը: 

Պատկերասրահ՝ PTPI European Conference 2017