Նյութը՝ Հայաստանի կոմպոզիտորների միության
Լուսանկարները՝ Հայաստանի կոմպոզիտորների միության
Տեղադրվել է 08-09-2017
Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը
Սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 6-ը Երեւանում կանցկացվի Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը: Փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակին:

Համերգները կկայանան Արամ Խաչատրյան, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, Հայաստանի կոմպոզիտորների միության եւ ՀԲԸՄ համերգասրահներում: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ 

Փառատոնի շրջանակներում կկայանա 10 համերգ, որոնց ընթացքում կհնչեն ինչպես ՀԿՄ անդամ, այնպես էլ հայկական կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչների ստեղծագործությունները:  Փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթով (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝  Վահան Մարտիրոսյան)` սեպտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նախագիծն առանձնանում է նրանով, որ փառատոնի շրջանակներում երաժշտասեր հանրությանը կներկայացվեն բազմաժանր համերգներ. կամերային երաժշտության ժանրին լրացնելու կգա հոգեւոր, երգչախմբային երաժշտություն,  կներկայացվի նաեւ մոնո-օպերա:  Մեկ համերգային երեկո էլ կնվիրվի մանկական երաժշտությանը: 

Փառատոնի շրջանակներում, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (Կասկադ համալիր) հարեւանությամբ կկայանա նաեւ բացօթյա էստրադային համերգ՝ Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ-էստրադային նվագախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան): 

Փառատոնը կեզրափակվի Արամ Խաչատրյան համերգասրահում՝ տոնական սիմֆոնիկ համերգով. բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Հովհաննես Չեքիջյան): 

Համերգների մուտքն ազատ է: