Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-09-2017
Հովհաննես Այվազովսկի. «Ծովի ալեհեր աստվածը»
Հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին ընդառաջ՝ սեպտեմբերի 8-ին կայացավ դասախոսություն, որը վարում էր արվեստաբան Անուշ Հակոբյանը:

Դասախոսության ընթացքում արվեստաբանը խոսեց Այվազովսկու կյանքի, գործունեության, անցած ուղու, հաջողությունների, նկարների մասին: Ներկաները տեղեկություններ ստացան եւ բազմակողմանիորեն բացահայտեցին «Հովհաննես Այվազովսկի» երեւույթը:

Բանախոսի խոսքով՝ Այվազովսկին հայ ազգի հպարտությունն է: Նրա ընտանիքն Արեւմտյան Հայաստանից՝ Անիից, տեղափոխվել է Լեհաստան:

Այվազովսկու կյանքում կարեւոր նշանակություն է ունեցել Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան, որը գտնվում էր Նիկոլայ ցարի հսկողության ներքո: Այվազովսկին ուսանելու տարիներին արդեն իսկ աչքի է ընկել իր յուրահատուկ տաղանդով, իսկ Նիկոլայ Առաջինի բարեհաճությունը նկարչին ավելի է օգնել: 

«Պետք է փաստել, որ շատ նկարիչներ են ունեցել տաղանդ, սակայն չեն ունեցել հաջողություն, իսկ Այվազովսկին այն բացառիկ նկարիչներից էր, ում մշտապես ուղեկցել է հաջողությունը: Նրան կարելի է համարել հաջողակ ու բախտավոր»,- նշեց բանախոսը:

Հանդիպման ժամանակ բանախոսն անդրադարձավ նաեւ ամենաճանաչված նկարին՝ «9-րդ ալիք»-ին՝ նշելով, որ Այվազովսկին այդ նկարը նկարել է՝ նավաստիների լեգենդները լսելով: Այվազովսկու այդ կտավը դարձավ նրա ամենահայտնի գլուխգործոցը: Այն 1897 թվականին գնվել է կայսր Նիկոլայ Առաջինի կողմից Էրմիտաժի համար, այնուհետեւ տեղափոխվել է Ռուսական թանգարան, որտեղ էլ հիմա գտնվում է:

Անուշ Հակոբյանը փաստեց, որ Այվազովսկու՝ ծովը նկարելու եւ ներկայացնելու արվեստը նրան իրապես առանձնացնում է մյուս ծովանկարիչներից: Նկարիչներից շատերն են պատկերել ծովը տարբեր իրավիճակներում, սակայն Այվազովսկու նկարներն առանձնացել են:

Նշենք, որ դասախոսության ընթացքում ցուցադրվում էին նկարչի աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը բանախոսը ներկայացնում էր: