Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-09-2017
Տոն՝ սիրո հավերժ քաղաքում. կայացավ Հայկոյի մենահամերգը
Սիրված երգեր, նոր կատարումներ ու կինոերաժշտություն. սեպտեմբերի 8-ին սիրո հավերժ քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր եւ երգիչ Հայկոյի մեծ մենահամերգը:

Երգիչն իսկական տոն պարգեւեց երկրպագուներին՝ երգելով ու նվագելով սիրված հիթեր ու հանդես գալով դուետներով: 

«Չե՜ք պատկերացնի, ինչքան երջանիկ եմ: Մտածում եմ, որ յուրաքանչյուր մարդ կերազեր տեսնել այն, ինչ ես եմ հիմա տեսնում: Սիրում եմ բոլորիդ: Միշտ չեմ կարողացել երկու բան՝ փող աշխատել ու խոսել: Առաջինը, իհարկե, կատակ էր»,-համերգի մեկնարկին ասաց Հայկոն: 

Նշենք, որ Հայկոյի համերգին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ինչպես նաեւ երգչի ընտանիքի անդամներն ու ընկերները: 

«Մեծացել եմ, էլ չեմ ասում՝ «Չեմ տեսնում ձեր ձեռքերը»,-կատակեց ՀՀ վաստակավոր արտիստը: Նա խոստովանեց, որ երբ սկսել էր կազմակերպել իր մենահամերգը, զգաց, թե ինչքան սրտացավ է աշխատում իր թիմը, ու ինչքան երջանիկ է ինքը: 

Երգիչը զուգերգեր կատարեց Քրիստինե Պեպելյանի, Ռազմիկ Ամյանի, Հռիփսիմե Հակոբյանի հետ: Նա նաեւ ներկայացրեց «Մի՛ վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Ոչինչ չի մնա», «Գարեգին Նժդեհ» եւ այլ ֆիլմերի երաժշտությունները: 

Հայկոյի «Ես քեզ սիրահարվել եմ» երգի ներքո էլ լեփ-լեցուն դահլիճը լուսավորվեց հարյուրավոր փոքրիկ լապտերիկներով: «Սիրո հավերժ քաղաք» երգը համերգի ավարտին կատարելուց առաջ Հայկոն սիրո խոստովանություն արեց Երեւանին ու Հայաստանին՝ նշելով, որ ինքն ամենաերջանիկ մարդն է, քանի որ ապրում է Հայաստանում՝ մի երկրում, որտեղ մարդիկ սրտացավ են իրար նկատմամբ՝ անկախ նրանից՝ մարդը հայտնի՞ է, թե՞ ոչ: 

Ի դեպ, երգիչը Երեւանում տասը տարի համերգ չի ունեցել, եւ սեպտեմբերի 8-ի երեկոն իսկական տոն էր Հայկոյի արվեստը գնահատողների համար: Առաջիկայում արտիստը հանդես է գալու այլ անակնկալներով:

Պատկերասրահ՝ Հայկոյի մենահամերգը