Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-09-2017
«Սոսե» կինոփառատոնը շարունակվում է
Արդեն 4-րդ տարին է, ինչ «Սոսե» կինոփառատոնը համախմբում է ֆիլմարտադրությամբ հետաքրքրվող բազմաթիվ մարդկանց: Սեպտեմբերի 7-ին մեկնարկած փառատոնը կտեւի մինչեւ հոկտեմբերի 12-ը:

Այդ օրերին կներկայացվի 131 ֆիլմ՝ 39 երկրից, եւ 6 արտամրցութային ֆիլմ՝ Շվեյցարիայից:

Այս տարվա փառատոնն առանձնանում է նրանով, որ հիմնական մրցութային ծրագրին կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ անկախ թեմայից: Սակայն ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս կինոփառատոնի տեսադաշտում կինն է: Կնոջ մասին պատմող ֆիլմերը ներկայացվում են «Բովանդակությունը՝ կին» թեմատիկ մրցութային ծրագրի շրջանակում: Շարունակվելու է «Ուսանողական» մրցութային ծրագիրը: Ավելացել է նաեւ «Լավագույն երաժշտական ձեւավորում» անվանակարգը: 

Հատկանշական է, որ կինոփառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումները տեղի կունենան ամբողջ տարվա ընթացքում: Կինոդիտումներ կկազմակերպվեն նաեւ Տավուշի եւ Շիրակի մարզերում, «Հոդված 3» ակումբում, ցանկացողները վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն կունենան: Կինոփառատոնը կամփոփվի մրցանակաբաշխությամբ:

«Սոսե» կինոփառատոնը 2014 թ.-ին առաջին անգամ անցկացվել է «Զիս» մշակույթի կենտրոնի կողմից: Այն կրում էր «Բովանդակությունը՝ կին» խորագիրը, եւ  մասնակցում էին այն ֆիլմերը, որոնց բուն թեման կինն էր։

Փառատոնը կրում է ֆիդայի Աղբյուր Սերոբի կնոջ՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սոսե Մայրիկի անունը:

«Սոսե» կինոփառատոնը նպատակ ունի աշխարհի տարբեր ծայրերից հրավիրելու ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչներին, կազմակերպելու տարաբնույթ միջոցառումներ, ինչպես նաեւ ներգրավելու ուսանողներին՝ ոլորտում առաջին քայլերն անելու հնարավորություն տալով։

Առաջիկայում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝ http://sosefestival.com: