Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 11-09-2017
Կայացավ «Սասունցի Դավիթ» օպերայի երեւանյան պրեմիերան
Սեպտեմբերի 9-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի երեւանյան պրեմիերան:

Օպերայի առաջնախաղը սեպտեմբերի 1-ին տեղի էր ունեցել Շուշի քաղաքի նախկին ռեալական ուսումնարանի տարածքում։

Օպերայի հիմքում ընկած է էպոսի երրորդ ճյուղը, որը հենց Դավթի կյանքի ու սխրանքների մասին է։ Օպերայում Հարո Ստեփանյանը հասել է երաժշտական-բեմական գործողության առավել հանդարտ, էպիկական-պատմողական բնույթի կերտմանը, իրադարձությունների, հերոսների, կենսական բախումների պատկերմանը:

Էպիկական օպերայի բեմադրությունը Սարինա Ավթանդիլյանի 4-րդ աշխատանքն է Արցախում: Առաջինը Շուշիում Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերան էր, հաջորդը՝ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակը», իսկ հետո Ստեփանակերտի Ազատության հրապարակում՝ Վերդիի «Ռեքվիեմը»: 

Լրագրողների հետ զրույցում նախագծի հեղինակ Սարինա Ավթանդիլյանը նշել է, որ Հ. Ստեփանյանի երգչախմբային ու նվագախմբային երաժշտության ձեռագիրը միշտ տարբերվել է բազմաձայնության մշակման իր վարպետությամբ, բներանգի նրբությամբ ու ներդաշնակության հարստությամբ. «Խորությամբ արծարծելով ժողովրդական ու դասական երաժշտության ավանդույթները, անընդմեջ հղկելով ու կատարելագործելով իր վարպետությունը՝ Հարո Ստեփանյանն իր ստեղծագործական ու երաժշտական-հասարակական բեղմնավոր գործունեությամբ նշանակալի ներդրում ունեցավ հայ երաժշտական արվեստի զարգացման գործում»։

Լեփ-լեցուն դահլիճում չէին դադարում ծափահարությունները, ներկա էր նաեւ Հարո Ստեփանյանի թոռնուհին։ Ներկա հյուրերը չէին կարողանում թաքցնել իրենց այդչափ մեծ զարմանքն ու հիացմունքը։

Պատկերասրահ՝ «Սասունցի Դավիթ» օպերայի երեւանյան պրեմիերան