Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-09-2017
Արգենտինական կինոյի շունչը Երեւանում
Արգենտինական կինոն Հայաստանում է. Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 11-15-ն անցկացվում է Արգենտինական ֆիլմերի Vl փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանության կողմից:



Փառատոնի ընթացքում ցուցադրվում են արգենտինացի նշանավոր ռեժիսորների ֆիլմեր՝ բնօրինակ լեզվով եւ հայերեն ու անգլերեն լուսագրերով: 



«Այս տարվա փառատոնը կազմելիս մենք ընտրել ենք յուրահատուկ ֆիլմեր: Ընտրել ենք այնպիսի ֆիլմեր, որպեսզի ֆիլմի միջոցով ցույց տանք արվեստ ու ոչ թե ժամանակ անցկացնելու տարբերակ: Այս փառատոնը առիթ է, որպեսզի մարդիկ մտածեն կյանքի մասին»,- նշեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան՝ հատուկ շեշտելով երկու երկրների միջեւ առկա բարեկամությունը: 



Փառատոնային ցուցադրությունների մեկնարկը տրվեց ռեժիսոր Դամիան Սիֆրոնի «Վայրի պատմություններ» (2014) կինոնկարի ցուցադրությամբ: 



Անհավասարությունը, անարդարությունն ու աշխարհի պահանջները լարվածություն եւ ընկճախտ են առաջացնում շատ մարդկանց մոտ: Լինելով խոցելի` նրանք առերեսվում են իրականությանը, որը հանկարծ դառնում է անկանխատեսելի: Սիրեցյալի դավաճանություն, վերադարձ դեպի ճնշող անցյալ, ամենօրյա առճակատման հիմքում ընկած բռնություն. այս ամենը հասցնում է հերոսներին խելագարության:



Կատակերգությամբ ու դրամայով միաձուլված ֆիլմում խաղում են Դարիո Գրանդինետտին, Ռիտա Կորտեսեն, Լեոնարդո Սբարագլիան, Էրիկա Ռիվասը, Ռիկարդո Դարինը եւ այլք: 



Նշենք, որ փառատոնի շրջանակում բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: