Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-09-2017
Երուսաղեմի հայկական թանգարանի վերաբացման նախագիծ է մշակվել
Մաթեմատիկոս, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Կլոդ-Արմեն Մութաֆյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդես եկավ զեկույց-դասախոսությամբ՝ Երուսաղեմի հայկական թանգարանի վերաբացման նախագծի շուրջ: Իր զեկույցի ընթացքում նա ներկայացրեց նոր բացվելիք թանգարանի պլանը:



Կլոդ Մութաֆյանն ընդգծեց, որ թանգարանը լինելու է երկհարկանի: Ի դեպ, շենքը, որտեղ տեղակայված է լինելու թանգարանը, Մութաֆյանի խոսքով, բավականին հին է. «Շատ շքեղ, գեղեցիկ ու թանգարանի համար հարմար վայր է: Թանգարանի տարածքը լինելու է 700 քառակուսի մետր»: 



Կլոդ Մութաֆյանի հավաստմամբ՝ թանգարանը ներառելու է գեղեցիկ, ինչպես նաեւ պատմական արժեք ունեցող ցուցանմուշներ: Նրա փոխանցմամբ՝ նախագծի իրականացումը 1 միլիոն 300 հազար դոլարի ծախս է պահանջում, եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը խոստացել է զբաղվել հովանավորների փնտրտուքով: Ըստ Մութաֆյանի՝ դրանից հետո նախագծի իրականացման համար կպահանջվի 2 տարի:  



Նշենք, որ Կլոդ Մութաֆյանը Կիլիկիայի Հայոց թագավորության պատմության եւ մշակույթի վերաբերյալ բազմաթիվ աշխատանքների հեղինակ է։ 1988 թվականին լույս է տեսել նրա «Կիլիկյան Հայաստանի խաչմերուկներում» երկհատոր աշխատությունը, 2010 թ.՝ «Հայաստանի 12 մայրաքաղաքները» («Les douze capitales d’Arménie») ֆրանսերեն գիրքը, 2012 թ.՝ «Լեւանտյան Հայաստան» աշխատությունը: Կլոդ-Արմեն Մութաֆյանը կազմակերպել է նաեւ ցուցահանդեսներ: