Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 14-09-2017
Ավստրալիա, Իսրայել, Բուլղարիա, Ֆրանսիա. Ազնավուրը չի դադարում հիացնել
Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի գրաֆիկը, ինչպես միշտ, հագեցած է համերգներով ու շրջագայություններով: Տարեկան մի քանի տասնյակ համերգներով հանդես եկող 93-ամյա երգիչը չի դադարում հիացնել աշխարհի տարբեր կետերում ապրող երկրպագուներին: Թե՛ 2017-ի աշունն ու ձմեռը եւ թե՛ ամբողջ 2018 թվականը հագեցած են լինելու արտիստի համար:

Ազնավուրի պաշտոնական www.charlesaznavour.com կայքը տեղեկացնում է, որ առաջիկայում արտիստը ելույթներ կունենա մի շարք երկրներում: Մասնավորապես հոկտեմբերի 1-ին նա հանդես կգա Ավստրալիայի Պերթ («HBF Stadium»), հոկտեմբերի 4-ին Սիդնեյ («Hordern Pavilion»), իսկ հոկտեմբերի 7-ին՝ Մելբուռն («Festival Hall Center») քաղաքներում: Հաջորդիվ՝ հոկտեմբերի 28-ին, նախատեսվում է համերգ Թել Ավիվում («Menorah Mivtachim Arena»), այնուհետեւ՝ երկու օր անց՝ Սոֆյայում («Arena Armeec»): 

Դեկտեմբերի 9-ին էլ Ազնավուրը ելույթ կունենա Վիեննայում («Wiener Stadthalle»), իսկ 13-ին՝ Փարիզում («Accor Hotels Arena»): 

2018-ը նույնպես հագեցած կլինի համերգներով, որոնք կանցկացվեն ֆրանսիական քաղաքներում. հունվարի 20-ին` Լիոնում («Halle Tony Garnier»), հունվարի 23-ին` Մարսելում («Le Dôme»), հունվարի 27-ին` Բորդոյում («Metropole Arena»), հունվարի 30-ին՝ Թուլուզում («Zénith»), փետրվարի 3-ին` Նանտում («Zénith Métrpole»), փետրվարի 6-ին` Լիլում («Zénith arena»):

Ի դեպ, նշենք, որ վերջերս Շառլ Ազնավուրը հոլիվուդյան «Փառքի ծառուղում» ստացել էր իր աստղը: «Այս աստղի բացումից հետո, իհարկե, պետք է ասեմ, որ ես միշտ էլ մի փոքր կալիֆոռնիացի եմ եղել, քանի որ թե՛ իմ դուստրը եւ թե՛ իմ թոռներն այստեղ են ապրում։ Այսպիսով, որպես պապիկ՝ ես ամերիկացի եմ՝ բացի նրանից, որ ֆրանսիացի եմ ու բացի նրանից, որ հայ եմ: Շատ շնորհակալ եմ»,- ասել էր Ազնավուրը։