Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 14-09-2017
Համահայկական նվագախմբի եւ Սերգեյ Սմբատյանի փայլուն ելույթը՝ հեղինակավոր «Գրամոֆոն» մրցանակաբաշխության ընթացքում
Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 13-ին ելույթ ունեցավ դասական երաժշտության հեղինակավոր «Գրամոֆոն-2017» մրցանակաբաշխության ընթացքում:

Լոնդոնի Նորթամբերլենդ պողոտայի հանդիսավայրում կազմակերպված արարողության ընթացքում նվագախումբն արտասահմանցի հանդիսատեսին ներկայացրեց Խաչատրյանի, Շոստակովիչի, Շորի, Պրոկոֆեւի եւ այլ կոմպոզիտորների գործերից. դրանք ընդունվեցին մեծ ոգեւորությամբ, բուռն ծափահարություններով: 

Դասական երաժշտության ամենահեղինակավոր հարթակում հայազգի արտիստների ներկայությունն ու ելույթը Հայաստանի եւս մեկ հաղթանակն էին. չէ՞ որ «Գրամոֆոն» ամսագիրը հեղինակություն է ամբողջ աշխարհում: 1923 թվականից լույս տեսնող դասական երաժշտության առաջատար ամսագիրն ուղիղ 40 տարի առաջ հիմնադրեց իր մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակներ է հանձնում նախորդ տարվա լավագույններին ու արժեւորում նրանց գործունեությունը: Նախորդ տարվա լավագույնները հոբելյանական «Գրամոֆոն»-ի ընթացքում մրցանակների արժանացան 12 անվանակարգերում («Տարվա ձայնագրություն», «Տարվա արտիստ», «Տարվա երիտասարդ արտիստ», «Տարվա լեյբլ» եւ այլն):

Որոշիչ երեկոյի ընթացքում Համահայկական նվագախմբին միացան նաեւ դասական երաժշտության ամենահայտնի անունները՝ «Գրամոֆոն»-ի ներկա եւ նախկին մրցանակակիրները՝ շնորհավորելով այդ խոշորամասշտաբ իրադարձության հոբելյանը։ Ի դեպ, նշենք, որ նախորդ տարիներին «Գրամոֆոն»-ի հանձնման հանդիսավոր երեկոները ղեկավարել են այնպիսի հայտնի դիրիժորներ, ինչպիսիք են սըր Քոլին Դեւիսը, սըր Անտոնիո Պապանոն եւ այլք։ Այս տարի այդ պատիվը վերապահված էր մաեստրո Սերգեյ Սմբատյանին, ով Լոնդոնում ուսանել է հենց սըր Քոլին Դեւիսի մոտ։

Երկրորդ տարին անընդմեջ արարողությունն ուղիղ հեռարձակվեց medici.tv-ով. այդպիսով ամբողջ աշխարհի դասական երաժշտության սիրահարները հնարավորություն ունեին դիտելու բոլոր կատարումները եւ մրցանակակիրների ելույթները: 

«Ուրախ ենք, որ մեզ է միանալու Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, որը բաղկացած է աշխարհի լավագույն նվագախմբերի հայ երաժիշտներից։ Համահայկական նվագախմբի մասնակցությունն այս միջոցառմանն իսկապես կհաղորդի միջազգային հնչեղություն: Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի երեկոյի ընթացքում վայելենք հայկական երաժշտությունն այն մարդկանց կատարմամբ, ովքեր իսկապես արձագանքում են դրա կախարդանքին»,- միջոցառումից առաջ ասել էր «Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին: Ի դեպ, վերջինս միջոցառումից հետո հարցազրույց վերցրեց Սերգեյ Սմբատյանից: 

Մաեստրո Սմբատյանը medici.tv-ի ուղիղ եթերում պատմեց Համահայկական նվագախմբի ու կոլեկտիվի բացառիկ տաղանդի տեր երաժիշտների մասին, ովքեր ծնվել, մեծացել են Հայաստանում, սովորել նույն երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունում եւ համախմբվել են մեկ գաղափարի ու նպատակի շուրջ: Նա հույս հայտնեց, որ նվագախումբը հաճախակի հանդես կգա հանրության առջեւ: