Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-09-2017
Մունդիալ-2018-ի տոմսերն արդեն վաճառքում են
Ֆուտբոլասերները հնարավորություն ունեն ձեռք բերելու աշխարհի 2018 թ.-ի առաջնության եզրափակիչ փուլի խաղերի տոմսեր:

Մունդիալ-2018-ի եզրափակիչ փուլի տոմսեր ձեռք բերելու համար նախեւառաջ անհրաժեշտ է գրանցվել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում եւ առցանց հայտ ներկայացնել: Համակարգը սկսել է գործել սեպտեմբերի 14-ից եւ բացվել Մոսկվայի ժամանակով ուղիղ կեսօրին: Սա տոմսերի բաց վաճառքի առաջին փուլն է, որի ժամկետը կլրանա հոկտեմբերի 12-ին: Հայտի հաստատման մասին հայտատուն պատասխան կստանա մինչեւ նոյեմբերի 16-ը:

Եթե համապատասխան քանակի հայտեր չստացվեն, ապա համակարգը կբացվի նաեւ նոյեմբերի 16-ից եւ հնարավորություն կտա առաջին փուլով տոմսերի հայտեր ներկայացնել մինչեւ նոյեմբերի 28-ը: Երկրորդ փուլով Մունդիալ-2018-ի տոմսեր կվաճառվեն մրցաշարի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների հայտնի դառնալուց եւ վիճակահանությունից հետո՝ դեկտեմբերի 5-ից:

Առաջին փուլով ամենամատչելի տոմս ձեռք բերելու իրավունքը կունենան ֆուտբոլային մրցաշարը հյուրընկալող երկրի՝ Ռուսաստանի քաղաքացիները. խմբային փուլի խաղերի տոմսերի արժեքն է 1280 ռուբլի կամ գրեթե 10500 ՀՀ դրամ: Մյուս երկրների երկրպագուների համար առանձնացված են 3 կարգի տոմսեր: Ամենամատչելի տոմսի արժեքը 6300 ռուբլի է կամ 105 ամերիկյան դոլար: Այլ գին ունի խմբային փուլի բացման խաղի տոմսը. այն ավելի թանկ արժե:

Մրցաշարի գլխավոր խաղի՝ եզրափակչի տոմսերն արտասահմանցիների համար սկսում են 455 ամերիկյան դոլարից, իսկ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան գնել 7040 ռուբլի վճարելով մեկ տոմսի դիմաց: Նշյալ գներն անպայման կփոփոխվեն արդեն երկրորդ փուլի ժամանակ, երբ հայտնի կլինեն մրցաշարի մասնակից բոլոր թիմերը:

Երկրորդ փուլի շրջանակում տոմսերը կվաճառվեն կրկին երկու շրջանով՝ դեկտեմբերի 5-ից մինչեւ հունվարի 31-ը՝ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի տոմսերի վաճառքի բաժին հայտեր ներկայացնելով: Եթե տոմսերի համապատասխան քանակ չվաճառվի, ապա մարտի 13-ից ապրիլի 3-ը կարելի է երկրորդ փուլով տոմսեր գնել առանց հայտեր ներկայացնելու:

Ապրիլի 18-ից կսկսվի երրորդ փուլը: Տոմսերը կվաճառվեն Ռուսաստանի տոմսարկղերում մինչեւ մրցաշարի ավարտը:

Հ.Գ.: Խաղադաշտ մտնելու համար բոլոր երկրպագուները, բացի տոմսեր ունենալուց, պետք է նաեւ գրանցվեն հատուկ կայքում՝ ձեռք բերելով երկրպագուի նույնականացման փաստաթուղթ: Այն թույլ կտա նրանց առանց խնդիրների մուտք գործել խաղադաշտեր եւ անվճար տեղաշարժվել Ռուսաստանի՝ աշխարհի առաջնությունը հյուրընկալող քաղաքներով: