Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-09-2017
Ֆելիքս Խաչատրյան. «Եթե ծաղրածու ես, շատ ծանր է»
Տեւական դադարից հետո հաղորդավար, ռեպ երգիչ Ֆելիքս Խաչատրյանը կրկին Հանրային հեռուստաընկերության եթերում է:

Սեպտեմբերի 15-ին նա ԵՊՀ ուսանողներին պատմեց իր անցած ուղու, հաջողությունների ու կյանքի հետաքրքիր դրվագների մասին:

Ուսանողական տարիներ

Ես շատ դժվար տարիներին ընդունվեցի ինստիտուտ՝ առանց փողի, առանց ծանոթ-բարեկամի: Ուղղակի գնացի ու ընդունվեցի, շատ մարդիկ չկարողացան, ես կարողացա: Ես չէի էլ սովորել, թե ինչ պետք էր սովորել, բայց ընդունվեցի: Ամեն ինչ հիանալի էր: Իմ ուսանողական կյանքը վատը չէր: Սովորելը լավ բան է: Ինչքան հնարավոր է, պետք է այդ տարիներին հավաքել, որովհետեւ ինստիտուտից հետո չեմ մտածի` գնամ տուն, գեղարվեստական գրականություն կարդամ: Դրա համար ինչ կա սովորելու, պետք է սովորել:

Առաջին աշխատանք

Ասացին, որ փորձեմ ուղիղ եթերում ինչ-որ բաներ ասել: Ես արդեն ավարտել էի, բանակ գնացել-եկել էի, որոշ չափով էլ ծանոթ էի հեռուստատեսային արվեստին: Փորձեցի ու ստացվեց:

Լեզվական սխալները ներեցին…

Որեւէ մեկն իդեալական չէ, եւ միշտ կան մարդիկ, ովքեր քեզ լսում են ու մե՜ծ թղթերի վրա գրում են բոլոր սխալներդ եւ եթերից հետո ուղարկում են, որպեսզի դու ծանոթանաս: Եթե դու լինես խելացի, առաջին 3 եկած թղթերը կուսումնասիրես եւ 4-րդից արդեն չես անի դրանք: Իսկ ես այդ թղթերը չէի օգտագործում ու այդպես մտնում էի եթեր: Ժամանակի ընթացքում մարդիկ սովորեցին, որ այսպես էլ կարելի է նախադասություն կազմել. կոպիտ չէ, գռեհիկ չէ, բայց մի քիչ ուրիշ կերպ կազմված նախադասություն է: Ինձ հասկացան ու ներեցին:

Առաջին երգի ծնունդը

«Հայելի»-ն իմ ու Նարեկի առաջին երգն է: Ես չէի պատկերացնում, որ Նարեկը կկարողանար հայերեն ինչ-որ բան գրել. ինքն անգլերեն այնքան լավ գիտի, ինչքան ես՝ հայերեն: Խնդրեցի, որ հանգերով մի բան գրեր: Գրեց, տեսահոլովակն էլ նկարեցինք:

«Մի քիչ մնաց, դու էլ ես դառնալու հայելի»

Ես ու դու հայելի ենք: Դու քեզ նայում ես իմ՝ հայելու մեջ, որը դու ես տեսնում, փորձում ես ինչ-որ բան գտնել: Նույնն էլ անում եմ ես, այսինքն՝ հայելի լինելու, հայելու մեջ նայելու քո վայրկյանը շատ փոքր է: Ցանկացած ժամանակ կարող է՝ դու նայես, ցանկացած ժամանակ քեզ նայեն ու քո մեջ ինչ-որ բան փնտրեն: Ահա դա է հայելին: 

«3.33»-ի անվան մասին

Եթե շուն ես գնում, պիտի այդ շանն անուն դնես: Եթե, օրինակ, Զիգզագ դնես անունը, դժվար կարող ես ասել, թե ինչու հենց այդպես կոչեցիր: Իմ սիրած թվերն են: Ուզում էի առանց կետի լիներ՝ «333», բայց հետո նայեցինք ու տեսանք, որ նման բաներ շատ կան:

Կա՛մ պիտի գրես, կա՛մ կարդաս

Ես չեմ կարդում, չգիտեմ՝ վերջին անգամ երբ եմ կարդացել, դժվար էլ կարդամ, որովհետեւ ես զբաղված եմ գրելով: Կա՛մ պիտի գրես, կա՛մ կարդաս: Եթե կարդաս, կսկսես գրել այն, ինչ կարդում ես: Դրա համար ավելի լավ է գրել ու չկարդալ, հետո կարդալ ու տեսնել, որ չեն գրել այն, ինչ դու ես գրել: 

Ստեղծագործել՝ հետեւելով սրտի ձայնին…

Չեմ կարող բացատրել այն, ինչ ես անում եմ, որովհետեւ գծած պլան չունեմ, որ, օրինակ, սկսում ենք այսօր գրել 2 երգ, վաղը՝ 4: Կարող ենք 6 ամիս բան չանել, բայց մի շաբաթում 10 երգ ձայնագրել, պատրաստել ու վերբեռնել համացանց: 

Ներշնչանքը…

Օրինակ՝ կոնկրետ ծառ չկա, որի մոտ սկսում եմ գրել: Մուսան կյանքն է, մարդիկ, շրջապատը, լույսը, հողը, արեւը, օդը…

Սկզբունքներ, որ երբեք չեմ խախտի

Կան շատ սկզբունքներ, որ չեմ սիրում խախտել, օրինակ՝ չուշանալ: Չեմ երգի այն միջոցառումներին, որտեղ մարդիկ ավելի շատ զբաղված են սնունդ ընդունելով, քան երաժշտությամբ: Ես կառաջարկեմ իմ երգը տալ, իրենք միացնեն ու լսեն: Ես ո՞ւմ եմ պետք այդտեղ, եթե ինձ չեն լսելու:

Աշխատանք-ժամանց

Երաժշտությունն ինձ համար ժամանց է, որտեղ ինքնարտահայտվում եմ, հեռուստատեսությունը՝ աշխատանք:

Թունավոր նետերը… 

Դրանց դեմ հակամարտ չկա. կպավ՝ մեռնում ես: Կա՛մ պիտի զգույշ գնաս, որ չկպչի, կա՛մ եթե տեսնում ես, որ այդ տարածքում նետ կա, ավելի լավ է՝ այդտեղով չանցնես:

Կյանքը՝ կրկես

Եթե դու ծաղրածու չես այդ կրկեսում, դժվար չէ, եթե ծաղրածու ես, շատ ծանր է: 

Պատկերասրահ՝ Հանդիպում Ֆելիքս Խաչատրյանի հետ