Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-09-2017
«Երաժշտության սրբատեղի». բացվեց «Նաիրի» երաժշտական այգի-թանգարանը
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 16-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Նաիրի» երաժշտական այգի-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Այգում տեղադրվել են հայ երաժշտությունը, երգարվեստը, երաժշտական նվագարանները խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 քարե (հայկական տրավերտին) արձաններ (2.0-2.2 մ բարձրությամբ), ինչպես նաեւ ՀՀ Սփյուռքի, ՀՀ մշակույթի նախարարությունների, երաժշտական ուսումնական հաստատությունների, ընկերությունների, կոլեկտիվների եւ ականավոր գործիչների անվանական ծառեր:

Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ Սփյուռքի, ՀՀ մշակույթի նախարարությունները, Հայաստանի կոմպոզիտորների միությունը եւ «Նաիրի» հիմնադրամը:

Ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, «Նաիրի» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սամվել Հարոյանը, «Նաիրի» փառատոնի գլխավոր մրցանակակիրները, կազմկոմիտեի եւ ժյուրիի անդամները, հայ մշակույթի ականավոր գործիչներ, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սփյուռքի հայ համայնքների ղեկավարներ, արվեստագետներ եւ այլք:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ մենք այսօր վկան ենք դառնում այն երազանքի, որն անիրականանալի էր թվում: «Արվեստի ներկայացուցիչները հսկայական աշխատանք են կատարել՝ ներկայացնելով երաժշտական արվեստը: Այս վայրը կլինի ամենասիրելի գողտրիկ վայրը բոլորիս համար: Առաջիկա օրերին կայանալիք Հայրենիք-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներին եւս կծանոթացնենք այս գեղեցիկ վայրի՝ հրաշք թանգարանի հետ»,- նշեց ՀՀ Սփյուռքի նախարարը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փաստեց, որ երբեմնի անիրականանալի թվացող նախագիծն այսօր արդեն իրականություն է: «Այս վայրը մի յուրահատուկ սրբատեղի է մեր երաժշտական արվեստի համար, որը ներկայացվում է շատ գեղեցիկ եւ բացառիկ ձեւով»,- ասաց նախարարը եւ շնորհակալություն հայտնեց Ղուկասյանների ընտանիքին երաժշտական սրբատեղիի համար: 

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ այգու բացումը բացառիկ համարեց ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար: Նրա խոսքով՝ դա յուրահատուկ վերաբերմունք է մեր արվեստի եւ երաժշտաարվեստի համար. «Հայ ազգը միշտ տարբերվել է իր մշակույթով եւ պահպանել ողջ պատմության ընթացքում»:

Նշենք, որ «Նաիրի սպա ռեզորթ» համալիրը միջոցառման գլխավոր հովանավորն էր՝ հիմնադիր Գրիգոր Ղուկասյանի գլխավորությամբ: Վերջինիս կինը՝ Աննա Մարտիրոսյանը, նշեց. «Մեծ պատիվ է նման նախագծին մասնակից դառնալը: Այո՛, հավանական չէր թվում, որ այս ամենն իրականություն կդառնա, սակայն այսօր բոլորս ականատեսը դարձանք այն հսկայական աշխատանքի, որը կատարվել է: Մենք հույս ունենք, որ այս ամենը կծառայի իր նպատակին»:

Քանդակագործ Յուրի Պետրոսյանը, ով բազմաթիվ աշխատանքների հեղինակ է, շնորհավորեց ներկաներին: Նրա խոսքով՝ օրն իսկապես իրադարձային է եւ տոնական:

Հ.Գ.: Ինչպես ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Եվ այսուհետ բաց երկնքի ներքո թանգարանների շարքին դասվեց եւս մեկը՝ «Նաիրի» երաժշտական այգի-թանգարանը:

Պատկերասրահ՝ «Նաիրի» երաժշտական այգի-թանգարանի բացման արարողությունը