Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-09-2017
Լու Բեգա. «Քրիստոսը հայ չէ, բայց Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն է»
Հանրահայտ երգիչ, «Mambo No. 5» հանրահայտ երգի կատարող Լու Բեգային շատ են դուր գալիս Հայաստանն ու մեր երկրի պատմությունը:

Այս մասին երգիչը խոստովանեց իր երեւանյան այցի ընթացքում: Ի դեպ, նա սեպտեմբերի 16-ի երեկոյան «Yerevan Music Night» երաժշտական միջոցառման ընթացքում հանդես եկավ ելույթներով, կատարեց իր երգացանկի ամենահայտնի հիթերը: Համերգային երեկոյից հետո էլ խոստովանեց՝ այստեղ հրաշալի կլիմա է, ու ամեն ինչ շատ է հավանել: Eritasard.am-ը ներկայացնում է Լու Բեգայի սիրո խոստովանությունը Հայաստանին: 



Դարեր շարունակ հյուրընկալ է հայ ժողովուրդը 

Այստեղ մարդիկ շատ դրական են, ընկերասեր, ինչպես եղել են դարեր շարունակ: Հրաշալի է այստեղ գտնվելը: Ինձ դուր են գալիս այստեղի կլիման, մարդիկ. ես ինձ շատ լավ եմ զգում: Թռիչքս շատ ծանր էր եւ հոգնեցուցիչ, երեկոյան եմ ժամանել Երեւան, ոչինչ չեմ հասցրել տեսնել, օդանավակայանից միանգամից եկել եմ համերգի վայր: Սակայն դա ինձ համար նշանակություն չունի, իմ աշխատանքի մի մասն է կազմում, ես շատ լավ գիտեի, թե ինչպես եմ այստեղ հասնելու: Ինձ համար սա հիասքանչ առիթ է: 

Երկրորդ անգամ Հայաստանում

Հայերեն երգեր դեռեւս չգիտեմ, բայց հաջորդ համերգի համար անպայման կփորձեմ սովորել: Դուք պետք է ինձ սովորեցնեք: 

…Հայաստանում եմ արդեն երկրորդ անգամ: Ինձ 9 տարի պահանջվեց վերադառնալու համար: Մեր նախորդ հանդիպումից հետո իմ կյանքում շատ բաներ են փոխվել, աղջիկ եմ ունեցել: Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեցա լինել Երեւանում, կանգնել այս բեմի վրա: Ինձ դուր է գալիս ձեր երկրի պատմությունը, հնությունը: Ինձ համար հայն ամենահետաքրքիր ազգություններից է: Նկատեք՝ ես չեմ ասում երկիր, ես ասում եմ ազգ, քանի որ դուք, իսկապես, ազգ եք, իսկ ազգ նշանակում է էթնոս: Դուք ապրում եք շատ հետաքրքիր վայրում: Ձեր հետեւում այնքան մեծ պատմություն կա, այնպես որ ես մեծ հետաքրքրությամբ վերադարձա այստեղ: Հատկապես երբ տեսնում ենք, թե որքան խենթ է դարձել այս աշխարհը: Հրաշալի է հյուրընկալվել մի ազգի, որը դարեր ի վեր պահպանում է նույն ավանդույթները: Դուք ժամանակակից ու ազգային կյանքի խառնուրդ եք: 



Ամենաազդեցիկ մարդը Հիսուս Քրիստոսն է 

Ինձ համար աշխարհի ամենաազդեցիկ մարդը միշտ էլ եղել ու մնում է Հիսուս Քրիստոսը: Այո՛, գիտեմ՝ Քրիստոսը հայ չէ, բայց Հայաստանն առաջին ազգն է, որն ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: 

…Մարդիկ մոռացել են, որ հիմքը շատ կարեւոր է: Եթե դու ճիշտ հիմք չունենաս, դու երբեք օրհնված չես լինի: Ես հուսով եմ՝ հայ երիտասարդներն էլ են Քրիստոսին իրական համարում եւ տարիներ շարունակ պահում են այդ գիտակցությունը: Ձեր երկիրը գիտեր այս ամենի մասին 2000 տարի առաջ: 

…Երիտասարդները շուտով կհասկանան, որ այֆոններն ու այփադները կարեւոր չեն, ու կգիտակցեն՝ ինչն է կարեւոր:



Նոր նախագիծ՝ խնդիրների մասին 

Հոկտեմբերի վերջին համացանցում հասանելի կլինի իմ նոր վավերագրական ֆիլմը: Այն շատ բաների մասին է, առաջնահերթ՝ Եվրոպայի վերակառուցման, քանի որ աշխարհը խենթացել է, եւ եթե մենք քայլեր չձեռնարկենք, երկար չենք գոյատեւի:

…Նայե՛ք ձեր շուրջը: Մարդիկ դարձել են չար, իսկ աշխարհը խելագարվել է:

Մեր առջեւ արդեն կան Հյուսիսային Կորեայի, Սիրիայի պատմությունները, երկրաշարժեր, փոթորիկներ… Սրանք պարզապես բնական աղետներ չեն, սրանք ավելի խորը նշանակություն ունեն: 

…Սա քաղաքականություն չէ, Հիսուս Քրիստոսը քաղաքականության հետ առնչություն չունի: Նա Աստծո որդին է: 

Կարծում եմ՝ մարդիկ հետաքրքրությամբ կդիտեն ֆիլմը: