Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-09-2017
Տեղի ունեցավ Երիտասարդության ֆորումը
ՀՀ երիտասարդական պետական ինչպիսի՞ քաղաքականություն կլինի 2018-2022թթ., ի՞նչ ուղղությամբ կզարգանան երիտասարդական ոլորտները եւ ի՞նչ լուծումներ կստանան երիտասարդներին վերաբերող մի շարք խնդիրներ:
Այս եւ մի շարք նման հարցերի քննարկմանն էր նվիրված սեպտեմբերի 18-ին անցկացված Երիտասարդության ֆորումը, որին մասնակցում էր ՀՀ-ից և Արցախից ավելի քան 130 մասնակից: Նրանք ինչպես կազմակերպությունների անդամներ էին, այնպես էլ ակտիվ երիտասարդներ: 

Միջոցառումը երիտասարդության ոլորտի ներկայացուցիչներին փորձի փոխանակման, թեմատիկ քննարկումներին մասնակցելու հնարավորություն տվեց: Դրանց արդյունքները կօգտագործվեն Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության զարգացման համար:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը բարձր գնահատեց նախաձեռնության կազմակերպումը եւ հույս հայտնեց, որ այն դրական ազդեցություն կունենա առաջիկայում ընդունվելիք ռազմավարության վրա:

«Սա կարեւոր հավաք է, որովհետեւ այստեղ հավաքված են շահագրգիռ կազմակերպություների, ակտիվ խմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, որոնց շնորհիվ նաեւ մենք կարողանում ենք ավելի արդյունավետ դարձնել պետական երիտասարդական քաղաքականությունը, եւ սա, ըստ էության, ռազմավարության նպատակային դարձնելու առաջին քայլերից մեկն է»,- նշեց նա:

Մասնակիցները քննակումներն անցկացրին 5 խմբերում՝ առանցքում ունենալով երիտասարդների մասնակցությունը, սոցիալ-տնտեսական և զբաղվածության հիմնախնդիրները, հոգևոր-մշակութային և ընտանեկան արժեքների պահպանումն ու զարգացումը, երիտասարդական աշխատանքը և ցկյանս կրթությունը, միջազգային համագործակցությունը: 

2018-2022 թթ. ուշադրության կենտրոնում կլինեն հետեւյալ հիմնական ուղղությունները՝
1. ՀՀ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը,
2. երիտասարդների զբաղվածության եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակումը,
3. երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանումը,
4. երիտասարդների հոգեւոր-մշակութային արժեքների զարգացումը և ռազմահայրենասիրական դաստիարակությունը,
5. ընտանեկան արժեքների պահպանումը եւ զարգացումը, աջակցությունը երիտասարդ ընտանիքներին,
6. կրթության շարունակականությունը և ոչ ֆորմալ կրթության ճանաչելիությունը,
7. աջակցությունը միջազգային երիտասարդական համագործակցությանը եւ միջմշակությանի երկխոսության զարգացմանը,
8. երիտասարդների շարժունակության խրախուսումը, հատուկ ծրագրերի մշակումը եւ իրականացումը,
9. հետազոտությունների միջոցով երիտասարդության տարբեր շերտերի կարիքների գնահատումը եւ երիտասարդական քաղաքականությանն առնչվող իրավական դաշտի շարունակական կատարելագործումը:

Պատկերասրահ՝ Երիտասարդության ֆորում - 2017