Նյութը՝ http://aegmm.org-ից
Լուսանկարները՝ «Արցախպրես» լրատվական գործակալության
Տեղադրվել է 19-09-2017
Կայացել է ԱՀ-ի միջազգային ճանաչմանը նվիրված գիտաժողովը
Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով երկրորդ միջազգային երիտասարդական գիտաժողովը:

Գիտաժողովի կազմակերպիչն Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորումն է՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ։

Գիտաժողովին մասնակցել են հեղինակավոր գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից եւ Արցախից։ Նախորդ գիտաժողովի համեմատ` ավելացել են երկու երկիր` ԱՄՆ-ն եւ Ուկրաինան: Գիտաժողովին հայտ են ներկայացրել 63 գիտնականներ, մասնագետներ ու վերլուծաբաններ:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել են Արցախի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, ինչպես նաեւ բուհերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գիտաժողովի լիագումար նիստը բացվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ մասնակիցներին ուղղած ուղերձով, որում մասնավորապես նշվել է, որ նախաձեռնությունը լավ հարթակ է Արցախյան հիմնախնդիրը տարբեր տեսանկյուններից դիտարկելու եւ միջազգային շրջանակներին ներկայացնելու համար, քննարկվելիք թեմաներն էլ արդիական են եւ կարեւոր գիտագործնական առումով:

Բացման խոսքով հանդես է եկել գիտաժողովի նախաձեռնող ու կազմկոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը եւ հույս հայտնել, որ  գիտաժողովի ընթացքում հայ եւ օտարազգի գիտնականներին ու փորձագետներին կհաջողվի բացահայտել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հնարավորությունները, դրան խոչընդոտող հիմնախնդիրներն ու առաջարկներ ներկայացնել հետագա անելիքների վերաբերյալ. «Լիահույս եմ, որ արտասահմանյան գիտնականներից ոմանք կդառնան Արցախի գիտության դեսպանները, եւ յուրաքանչյուրն իր բնագավառում` տարբեր միջազգային հարթություններում, կներկայացնի Արցախի Հանրապետության իրողությունների վերաբերյալ բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն, իսկ Արցախն աստիճանաբար կդառնա արդիական գիտական հիմնախնդիրների քննարկման տարածա¬¬շրջանային ու միջազգային կենտրոն»:

Լիագումար նիստին զեկույցներով հանդես են եկել ի.գ.դ., Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը (Գերմանիա), ի.գ.դ., Նյու Յորքի իրավունքի դպրոցի պրոֆեսոր Ամիթ Չաբրան (ԱՄՆ), ք.գ.դ., պրոֆեսոր Մարեկ Ժեյմոն (Լեհաստան), ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը եւ «Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Գիտաժողովի արդյունքները սեպտեմբերի 16-ին ամփոփվել են Ազգային ժողովի նիստերի դահլիճում, որից հետո հանձնվել են հավաստագրերը, ու գիտաժողովի մասնակիցների անունից ընդունվել է բանաձեւ: Նույն օրը գիտաժողովականները մասնակցել են նաեւ Տողի մելիքական ապարանքում կազմակերպված արցախյան գինու 4-րդ փառատոնին: