Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի կայքից
Տեղադրվել է 19-09-2017
«Yerevan Open 2017»-ի մեկնարկը տրված է
Շախմատի միջազգային մրցաշարի շրջանակում Երեւանը հյուրընկալել է աշխարհի 13 երկրից ժամանած ավելի քան 150 շախմատիստների:

Երեւանի շախմատի ֆեդերացիան երկրորդ տարին անընդմեջ նախաձեռնել է «Yerevan Open» շախմատի միջազգային մրցաշար, որը կանցկացվի սեպտեմբերի 18-ից 27-ը: Մրցաշարն այս անգամ ընդլայնել է աշխարհագրությունը. 13 երկիր եւ ավելի քան 150 մասնակից, ընդ որում՝ 40-ից ավելին արտասահմանից: Երեւանում 2-րդ տարին անցկացվող միջազգային մրցաշարի մասնակիցների կազմը նախորդ տարվա համեմատ ավելի ուժեղ է՝ 20 գրոսմայստեր, 25 միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետ: 

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է ապացուցել, որ պատրաստ է մեծ ու կարեւոր մրցաշարեր հյուրընկալել. «Այս տարվա 5-րդ միջոցառումն է սա, սակայն դեռեւս երկու առանցքային ու մեծ մրցաշարեր կան առջեւում: Առանձնահատուկ կարեւորում ենք միջազգային մասնակիցների մասնակցությունը, քանի որ մարզական մրցաշար լինելուց զատ այսպիսի հանդիպումները նաեւ միջմշակութային փոխանակմանն են նպաստում»:

«Yerevan Open» միջազգային մրցաշարը լավ հնարավորություն է նաեւ մայրաքաղաքի շախմատի դպրոցների սաների համար. նրանք կարող են իրենց ուժերը փորձել գրոսմայստերների հետ խաղ անցկացնելով: Միջազգային մրցաշարին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից եկած շախմատիստներ: Ներկայացված է նաեւ Արցախը:

«Yerevan Open» մրցաշարի տնօրեն, Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը կարծում է, որ բավականին ուրախալի է մարզային մասնակիցներ ունենալու հանգամանքը. «Անգամ ամենահեռավոր մարզերից ներկայացուցիչներ կան մրցաշարում: Սա կարեւոր է եւ գոհացնող: Գիտեք՝ հաջորդ տարի մեր սիրելի Երեւանը նշելու է հիմնադրման 2800-ամյակը, իսկ մենք նպատակներ ունենք գալիք տարի ավելի մեծամասշտաբ մրցաշար անցկացնել ու ընդլայնել թե՛ մասնակիցների, թե՛ մասնակից երկրների քանակը»: - 

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի միջազգային մրցաշարին մասնակցելու է գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը: Եթե նախորդ տարի շախմատիստը դուրս մնաց մրցաշարի կեսից մեջքի շրջանում ունեցած ցավելի պատճառով, ապա այս անգամ կենտրոնացած է սեփական մրցելույթի վրա, մրցակիցների հետ խաղալու փորձ ունի եւ ցանկանում է անպայմանորեն հաղթել:

«Ցանկանում եմ լավ ելույթ ունենալ ու հաղթել: Այսպիսի միջոցառումները շատ կարեւոր են, քանի որ առանց ֆինանսական մեծ ծախսերի հայ շախմատիստները, հատկապես պատանիները լավ հնարավորություն են ստանում խաղալու միջազգային հարթակում հանդես եկող մրցակիցների հետ: Երիտասարդ շախմատիստի համար «Yerevan Open»-ը ամեն տարի սպասված կլինի»,- նշեց հայ գրոսմայստերը:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 18 հազար ամերիկյան դոլար է: Սահմանված են 15 հիմնական եւ 12 հատուկ մրցանակներ: Առաջին մրցանակակիրը կստանա 4 հազար դոլար: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:

Հ.Գ.: «Երիտասարդական պորտալ»-ը ամենօրյա թարմացումներով կներկայացնի մրցափուլերի ամենակարեւոր դիմակայությունները եւ կամփոփի մրցափուլը: Այսօր առաջին մրցափուլի օրն է: