Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 19-09-2017
Կարո Փայլան. «Ուժով եւ ժիր երիտասարդներ երբ որ կ'տեսնամ, Հայաստանի մասին հույսով կը լցվիմ»
Հոտնկայս, բուռն ծափողջյուններով համալսարանականները սեպտեմբերի 19-ին Մայր բուհում դիմավորեցին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:



Որպես պատգամավոր՝ Փայլանն առաջին անգամ է Հայաստանում: Տպավորությունները վառ են. «Պատգամավոր ըլլալեն առաջ քանի մը անգամ Հայաստան էի: Շատ ուրախ եմ, որ այս անգամ Հայաստանը ավելի ուժով տեսա: Շատ հպարտ եմ եւ շատ ուրախ եմ ասոր համար: Այսպես ուժով եւ ժիր երիտասարդներ երբ որ կ'տեսնամ, Հայաստանի, մեր ապագայի մասին հույսով կը լցվիմ»:



Պատգամավորը հանդես եկավ ելույթով, այնուհետեւ պատասխանեց ուսանողների հարցերին: Ներկաներն անդրադարձան տարբեր խնդիրների՝ Թուրքիայի ներքաղաքական կյանքից մինչեւ Ցեղասպանության ճանաչում ու ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դիրքորոշում: Տարբեր հարցերի լուծման գործում Փայլանը կարեւորեց ժողովրդավարության հաստատման անհրաժեշտությունը: 



«Մինակ ժողովրդավար Թուրքիա մը կրնա առերեսվել Ցեղասպանության հետ, մինակ ժողովրդավար Թուրքիա մը կրնա բանալ սահման: Բայց հիմա, դժբախտաբար, ուժը ազգայնականներու ձեռքն է: Սակայն Թուրքիա ժողովրդավար թուրքեր ու քուրդեր կան եւ շատ են: Մինակ ժողովրդավար Թուրքիա մը կրնա կապ ունենալ Հայաստանի հետ»,- ասաց նա:



Կարո Փայլանը պարգեւատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով՝ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:



«Կարո Փայլանը հետաքրքիր մի ուղեգիծ է թողել Թուրքիայի նորագույն շրջանի եւ հայ համայնքի պատմության մեջ, քանի որ Հայաստանի անկախացումից հետո նա առաջին հայն է, ով ընտրվում է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր: Կարոն առանձնանում է այն խիզախ համոզմամբ, որ իր համար ազգային փոքրամասնությունների, ընդհանրապես խտրականությունների դեմ պայքարը, ըստ էության, իր քաղաքական հավատամքն է»,- նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:



Հարցերը շատ էին, պատգամավորի ժամանակը՝ խիստ սուղ: Այնուամենայնիվ, միայն լուսանկարվելուց ու սելֆի անելուց հետո ներկաները հրաժեշտ տվեցին սպասված հյուրին:



Կարո Փայլանն արմատներով Մալաթիայից է: Նա ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է հայկական դպրոցում։ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությամբ 2015 թ. անցել է Թուրքիայի Մեջլիս։