Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 20-09-2017
«Մեգերյան Կարպետ»-ը 100 տարեկան է
«Մեգերյան» ընկերության 100-ամյակին նվիրված միջոցառումը երեկ՝ սեպտեմբերի 18-ին, տեղի ուեցավ «Մեգերյան Կարպետ» ընկերությունում:



Ունենալով մեկդարյա կենսագրություն՝ ընկերությունը հպարտ քայլերով ու վճռորոշ առաջ է գնում՝ հայկական մշակույթի ամենահին ու ամենագեղեցիկ ճյուղերից մեկը՝ գորգագործական արվեստը տարբեր երկրներում ներկայացնելու մտադրությամբ:



Միջոցառմանը հրավիրված ավելի քան 350 հյուրեր հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ զգալու հայկական շունչը։ Խորոված, լարախաղաց, բարձր տրամադրություն. ահա այն ամենը, ինչ կարելի էր տեսնել «Մեգերյան» ընկերության 100-ամյակին։



Երեկոյին ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, դեսպաններ եւ մի շարք այլ պատվավոր հյուրեր թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից։ Ելույթով հանդես եկան Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ին, համաշխարհային օպերային երգչուհի Ուրֆա Զաքարյանը, կիթառահար Ժորա Սարգսյանը, Սոֆի Մխեյանը եւ այլ հայտնի արտիստներ: 



Միջոցառման ընթացքում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Կարո Արմենը եւ «Մեգերյան ընկերության» սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը կտրեցին հոբելյանական գորգը, որը «Մեգերյան Կարպետ» ընկերության հմուտ գորգագործների օգնությամբ մի քանի ամիսների ընթացքում գործվել է հիմնադրամի շահառու Վանանդ համայնքի երիտասարդների կողմից: 



Արդեն դեկտեմբերին եզակի այդ գորգը կցուցադրվի ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում անցկացվելիք COAF-ի ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում։ Գորգը կվաճառվի բարեգործական միջոցառման աճուրդի ժամանակ, ու հասույթը ամբողջովին կծառայի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրերին։