Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-09-2017
Վերարժեւորելով ազգային հպարտություն հայկական գորգը
Սեպտեմբերի 20-ին մայրաքաղաքում անցկացվեց «Հայկական գորգը ազգային հպարտությունն է» խորագրով յուրօրինակ ֆլեշմոբը:



Աննախադեպ միջոցառման նպատակն էր ազգային գորգի եւ գորգարվեստի արժեւորումը, գորգագործության ավանդույթների պահպանման հիմնախնդրի բարձրաձայնումը, լայն հանրության իրազեկումը հայկական գորգի ինքնատիպ մշակույթի առանձնահատկությունների վերաբերյալ։ Ֆլեշմոբի մեկնարկը տրվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:



«Նախագիծը հնարավորություն է տալիս արժեւորելու մեր մշակութային արժեքներից մեկը՝ գորգը: Դարեր շարունակ բնակչության մեծամասնությունը զբաղվում էր գորգագործությամբ, եւ այն հիմնական զբաղվածության ճյուղերից էր: Հիմա մենք ցանկանում ենք այդ կերպ ակտիվացնել ոլորտը»,- նշում են միջոցառման պաշտոնական PR-գործընկեր՝ SPRING PR-ընկերությունից՝ հավելելով, որ նախաձեռնությունն ունի նաեւ զբոսաշրջային նշանակություն: 

Նշենք, որ յուրաքանչյուր անձ, ով հայկական գորգ կամ ձեռագործ կարպետ ուներ, սեպտեմբերի 20-ին՝ օրվա ցանկացած ժամի, կարող էր միանալ ֆլեշմոբին` իր պատուհանը կամ պատշգամբը զարդարելով հայկական գորգերով եւ կարպետներով: Միջոցառման պաշտոնական հաշթեգն է  #carpetflashmob:



Միջոցառման գաղափարի եւ իրականացման հեղինակն ու նախաձեռնողն է Հայկական գորգի ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տեղեկացնենք, որ Հայկական գորգի ազգային կենտրոնը հիմնադրվել է 2017 թվականին: Կենտրոնի առաքելությունն է վերականգնել եւ պահպանել ազգային հին ավանդույթները, Հայաստանում խթանել գորգագործության զարգացումը եւ դառնալ համահայկական գորգարվեստի խոշոր կենտրոն, հայ գորգագործների համար ստեղծել նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններ, ինչպես նաեւ աշխատատեղեր սահմանամերձ համայնքներում` աշխուժացնելով համայնքային կյանքը եւ խրախուսելով գորգագործության մշակույթը: