Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ President.am կայքից
Տեղադրվել է 21-09-2017
Կայացավ «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը
Սեպտեմբերի 18-20-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը:
Համաժողովին մասնակցեցին 71 երկրից ժամանած ավելի քան 1500 պատվիրակներ՝ ճանաչված մտավորականներ, գործարարներ, լրագրողներ եւ այլք: Մասնակից երկրների աշխարհագրությունն այս անգամ ավելի էր ընդլայնվել:  Ներկայացուցիչներ կային Սինգապուրից, Թայլանդից, Մալազիայից: Մասնակիցների թվում էր նաեւ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը: 

Համաժողովի բացման օրը ելույթներով հանդես եկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 

Համաժողովի երկրորդ օրը ելույթով հանդես եկան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու կառավարության անդամները, իսկ երրորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:  

Համաժողովի 3 օրերի ընթացքում տեղի ունեցան թեմատիկ նիստեր, որոնց ընթացքում ելույթներով հանդես եկան նախարարներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ: 

Սեպտեմբերի 20-ին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովն աշխատանքները ամփոփեց  4 ուղղություններով.
 
1. «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքները ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
 
2. «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» ուղղության քննարկումների արդյունքներն ամփոփեց ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը:
 
3. «Արտաքին քաղաքականության օրակարգ» ուղղության քննարկումների արդյունքները ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
 
4. «Հայապահպանության հիմնախնդիրներ» ուղղության քննարկումների արդյունքներն ամփոփեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 
 
Համաժողովն ընդունեց նաեւ համատեղ հայտարարություն, որը որպես ուղենիշ է ողջ հայության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական մարմինների, հայ եկեղեցու, համահայկական, համայնքային կառույցների ու կազմակերպությունների համար՝ ի նպաստ համահայկական նպատակների իրականացմանը: