Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-09-2017
«ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ» միջազգային մրցույթը` շուտով
Այս տարվա նոյեմբերը հավակնում է դառնալ գեղեցիկի եւ գեղեցկության փառաբանման ամիսներից մեկը: Բանն այն է, որ նոյեմբերին Երեւանում անցկացվելու է «ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը:

Այդ մասշտաբային նախագծի կազմակերպիչներն են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» եւ «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ  պրոդյուսերական կենտրոնը /ք. Մոսկվա/ եւ «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հիմնադիր եւ կազմակերպիչ «ՆԱԻՐԻ ԹՐԵՎԸԼ» տուրիստական գործակալությունը:

Թերեւս «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հաջողությունն ու հանրության շրջանում գտած լայն արձագանքն էին պատճառը, որ նշված կազմակերպությունները նախաձեռնեցին «ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ» մեգանախագիծը: 

Մրցանակաբաշխությանը կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների /18-27 տարեկան/ 30-35 գեղեցկուհիներ, ովքեր իրենց երկրներում կայանալիք ընտրական մրցույթներում կճանաչվեն հաղթող: Հաղթանակած մոդելները հոկտեմբերի վերջին կժամանեն Հայաստան՝ մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար: «ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթին ներկա կգտնվեն նաեւ ԱՊՀ երկրների բազմաթիվ մասնագետներ մոդելային աշխարհից եւ շոու բիզնեսից: 

Նշված մրցույթը լավ հարթակ է թե՛ սկսնակ, թե՛ կայացած մոդելների համար ոլորտի առաջատար դեմքերի հետ գործնական նոր կապեր ձեռք բերելու եւ միջազգային մոդելային շուկայում հանդես գալու առումով:

Հաշվի առնելով այն փաստը, որ «ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթին սպասվում են մեծաթիվ հյուրեր տարբեր երկրներից, ինչպես նաեւ հանդիսատեսների թվի էական աճ, ապա այս տարի կազմակերպիչները նախաձեռնել են մրցանակաբաշխությունն անցկացնել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 2500-ից ավելի նստատեղով փոքր դահլիճում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտ լրացնել՝ այցելելով «ԹՈՓ ՄՈԴԵԼ ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի պաշտոնական կայքէջը (www.miss-sng.com):  

Մրցույթի կազմակերպիչները խոստանում են այն դարձնել տարվա ամենահիշարժան օրերից մեկը՝ կազմակերպելով փառահեղ շոու ծրագիր եւ տպավորիչ ցուցադրություն: