Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի եւ Անի Հովհաննիսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 22-09-2017
«Հաջողության գրավականը». երիտասարդ աղջիկները զարկ են տալիս հայկական արտադրանքին
Eritasard.am-ը ներկայացնում է նոր՝ «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը, որի շրջանակում կպատմենք հայ երիտասարդների մասին, ովքեր արդեն երիտասարդ տարիքում հաջողությունների են հասել:

Հռիփսիմե Առաքելյանն ու Անի Հովհաննիսյանը այն երիտասարդների շարքին են դասվում, ովքեր մշտապես աշխատանքային գործընթացում են գտնվում՝ անկախ տրամադրությունից, եղանակից եւ իրավիճակից: Մասնագիտությամբ տնտեսագետ աղջիկները 2016 թվականի մայիսին հիմնեցին «Olympeah» հագուստի խանութ-սրահը, որտեղ կարվող կանացի հագուստները կարճ ժամանակահատվածում կարողացան գրավել ոչ միայն Հայաստանում բնակվող կանանց եւ աղջիկների ուշադրությունը, այլեւ արտերկրի: Երիտասարդ աղջիկներն այդպիսով զարկ տվեցին հայկական արտադրանքի իրացմանը:

Eritasard.am-ի թղթակիցն աղջիկների գործունեության եւ իհարկե հաջողության գաղտնիքի մասին իմանալու նպատակով զրուցել է նրանց հետ:


Գաղափարն ու համատեղ աշխատանքը…

Միասին աշխատելու գաղափարը կար դեռ վաղուց։ Մենք ծանոթացել ենք 2007 թ. սեպտեմբերի 1-ին՝ ՀՊՏՀ-ի ուսանողական նստարանին նստած, եւ մինչ այսօր անբաժան ընկերուհիներ ենք։ Ոչ բոլորին է հաջողվում ունենալ գործընկեր, ում հետ 6 տարի շարունակ սովորում ես, նրա հետ անցկացնում օրվա մեծ մասը, ապրում նույն բակում, ում վստահում ես այնպես, ինչպես ինքդ քեզ, եւ ով քեզ հասկանում է նույնիսկ առանց խոսքերի։ Մեզ մոտ դա հաջողվել է։ 

«Olympeah»-ը ստեղծելու գաղափարը ծագել է շատ պատահական՝ մեր բակի նստարանին նստած։ Երկուսս էլ երկար ժամանակ մտածում էինք, թե ինչ կարելի է անել, որպեսզի միասին աշխատենք, եւ կարողանանք, հիմնական աշխատանքից բացի, լրացուցիչ գումար վաստակել։ Այդ ժամանակ Անին արդեն բավականին փորձ էր հավաքել ֆինանսների եւ հաշվապահության ոլորտում, իսկ ես՝ (Հռիփսիմե) հագուստի արտադրության, բրենդինգի եւ «Luxury» բրենդների գործունեության ոլորտում։ Այդպիսով, որոշեցինք հիմնել ընկերություն, որը կարտադրեր բարձրորակ հագուստ՝ հասարակության բոլոր խավերին հասանելի գներով (այլ կերպ ասած՝ «affoardable luxury» կամ հասանելի «Luxury» հագուստ)։ Մեր ընկերության նպատակն է ստեղծել հագուստ՝ կարված բացառապես բարձրորակ եւ բնական կտորներով, հագուստ, որը գնային առումով հասանելի կլինի ցանկացած չափի եկամուտ ունեցող կանանց եւ աղջիկներին։

Մասնագիտությամբ տնտեսագետներ, մասնագիտական գիտելիքների օգտագործում…

Մասնագիտական գիտելիքներն ամեն օր են օգնում մեզ։ Սա բիզնես է, արտադրություն, եւ հետեւաբար առանց տնտեսագիտական գիտելիքների հնարավոր չէր լինի այդքան արագ հաջողության հասնել։ Ցավոք սրտի, ուսանողական տարիներին մենք բավականաչափ չենք գնահատում գիտելիքները, որ մեզ տրվում են, եւ միայն աշխատանքային գործընթացում ես սկսում իսկապես գիտակցել քեզ տրված գիտելիքների կարեւորությունն ու արժեքը։

Հայկական արտադրանքի զարկ եւ ասելիք՝ ոլորտում…

Ոլորտում կա պրոֆեսիոնալիզմի սուր արտահայտված պակաս։ Չկան այնպիսի հաստատություններ, որոնք կպատրաստեն ժամանակակից պահանջներին համապատասխան դերձակներ, դիզայներներ, մերչանդայզերներ եւ նորաձեւության հետ կապված այլ մասնագետներ։ Հատկապես խիստ պահանջ կա գրագետ դերձակների։ Այսօր մեզանում շատ են ինքնուսույց դերձակները, որոնք, ցավոք սրտի, ի վիճակի չեն իսկապես բարձրորակ արտադրանք տալ։ Բացի դրանից՝ դերձակի մասնագիտությունը գնալով ծերանում է. չկան երիտասարդ դերձակներ, բոլորը ցանկանում են դիզայներ դառնալ։ Բացի դրանից՝ երիտասարդ կադրերը չեն ցանկանում գնալ ու որոշակի ժամանակ աշխատել արդեն փորձ ունեցող ընկերություններում։ Առանց որեւէ փորձի միանգամից իրենց բրենդն են բացում եւ տարբեր դիզայներների կրկնօրինակելով՝ փորձում հաջողության հասնել։ Այդպիսով՝ շուկան գնալով լճանում է, լցվում անորակ ապրանքներով՝ միաժամանակ կոտրելով հաճախորդների վստահությունը հայկական արտադրանքի նկատմամբ։

Արտերկրում ծավալած գործունեություն եւ արձագանքներ…

Իրականում արտերկրից պատվերներ ունեցել ենք մեր գործունեության հենց սկզբնական շրջանից։ Արձագանքները միշտ շատ դրական են եղել։ Իսկ առհասարակ արտերկրի հետ կապված շատ պլաններ ունենք։ Վերջերս մասնակցեցինք Պրահայի նորաձեւության շաբաթին, որտեղ մեր հագուստները ցուցադրվեցին նորաձեւության շաբաթի հատուկ ցուցահանդեսի շրջանակում։ Հագուստները ներկայացրեցինք նաեւ Միլանի նորաձեւության շաբաթի ցուցահանդեսում։ Արձագանքները բավականին դրական էին։ Իհարկե, դիտողություններ նույնպես եղան, բայց դրանք մեզ շատ կօգնեն հետագայում հագուստի որակը բարելավելու գործում։ Հոկտեմբերին Մոսկվայում բացվելու է «ZIAN» առեւտրի կենտրոնը, որտեղ «Olymeah»-ը կներկայանա իր աշնանային տեսականիով։ Բարձրակարգ առեւտրի կենտրոնում սեփական անկյուն ունենալը մեզ համար մեծ ձեռքբերում է։ Եվրոպական տարբեր երկրներից եւ ԱՄՆ-ից ունենք առաջարկներ եւ հիմա բանակցությունների փուլում ենք գտնվում։ Համոզված ենք, որ ամեն ինչ դեռ առջեւում է։

Հաջողության գրավականը 

Մեր հաջողության գրավականը հաճախորդին լսելն է, հասկանալը, թե ինչ է նա ուզում, ճիշտ խորհուրդ տալ նրան, եւ հնարավորինս ամեն ինչ անել, որ իր ուզած ժամկետներում զգեստը պատրաստ լինի։

Հաջողության գրավականներից մեկն էլ ճիշտ թիմ ունենալն է: Մարդիկ, որոնք պատրաստ են օր ու գիշեր աշխատել ընկերության հաջողության համար։ 

Հ.Գ.: Հաջողության գրավականի չափանիշներն իրապես տարբեր են, տարբեր են նաեւ նպատակները: Սակայն մեկ բան պարզ է եւ հստակ՝ ցանկացած հաջողություն կերտվում ու դառնում է պատմություն աշխատասիրության եւ նպատակասլացության արդյունքում: