Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-09-2017
«Երաժշտական զբոսանքներ»` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում սեպտեմբերի 23-ին անցկացվեց «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագրի պատանեկան հանդիպումը։

Այս ամսվա «Երաժշտական զբոսանքները» մասնակիցներին տեղափոխեցին Վերածննդի ժամանակաշրջան: 12-16 տարեկան պատանիները ծանոթացան այդ շրջանի պատմությանը՝ երաժշտության, ճարտարապետության, նկարչության եւ քանդակագործության միջոցով: 

«Այս կրթական ծրագիրը նախաձեռնել ենք այս տարի: Ծրագրի հիմքում դասական երաժշտությունն է: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն, բացի ցուցահանդեսային գործունեությունից, իրականացնում է կրթական ծրագրեր: Որպեսզի պատրաստենք մեր ապագա ունկնդրին, որոշվեց, որ կենտրոնում նաեւ իրականացվի հատուկ ծրագիր՝ հիմքում ունենալով դասական երաժշտությունը»,- մեզ հետ զրույցում նշեց կենտրոնի կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը: 

Նրա խոսքով՝ ծրագրի հեղինակը եւ վարողը երաժշտագետ Մարինե Կարոյանն է, ով հանդես է եկել նախաձեռնությունն իրականացնելու առաջարկով: «Նախագիծը նախատեսված է թե՛ ընտանիքների եւ թե՛ պատանեկան լսարանի համար: Արդեն հինգերորդ ամիսն է անցկացվում, ամսական երկու անգամ հանդիպում ենք ընտանիքների ու պատանիների հետ»,- հավելեց Աստղիկ Մարաբյանը:

«Երաժշտական զբոսանքներ»-ի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերի համար, վաղ տարիքից հետաքրքրություն եւ սեր ձեւավորել դրա հանդեպ: Ի դեպ, նշենք, որ մասնակցությունը ծրագրին անվճար է: