Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Սոնա Տոնականյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 24-09-2017
«Հաջողության գրավականը». ֆիլմի միջոցով խոսող եւ արտահայտվող երիտասարդ ռեժիսորը
Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը: Շարք, որի շրջանակում խոսվում է հայ երիտասարդների մասին, ովքեր արդեն երիտասարդ տարիքում հաջողությունների են հասել:

Այս անգամ «Հաջողության գրավականը» խորագրի հյուրը 26-ամյա ռեժիսոր Սոնա Տոնականյանն է, ով ծնվել է Ջավախքում: Երիտասարդ ռեժիսորին մեր նախորդ նյութերում եւս անդրադարձել ենք, իսկ այս անգամ մեր ընթերցողներին կներկայացնենք նրա ծավալած գործունեությունը, ձեռքբերումները: 

Ֆիլմի նկարահանման գաղափար, վախ, տարակուսանք, արձագանքներ…

Ֆիլմ նկարելն ինձ համար ամենաթաքուն մտքերի մասին բարձրաձայն խոսելն է: Ընդհանրապես պատերազմի կամ հերոսների մասին բարձրաձայնելուց դեռ վախենում եմ: Չգիտեմ, թե ինչպես համարձակվեցի մոտենալ այդքան մեծ ցավին: Մի քանի անգամ շեշտել եմ ու էլի կասեմ, որ ես  չունեմ ֆիլմ պատերազմի կամ զինվորների մասին, իմ ֆիլմն Ուրֆանյանի մայրիկի մասին է՝ որդեկորույս ուժեղ կնոջ մասին:  Երբ նկարահանում էի, արձագանքների մասին չէի մտածում, իսկ վա՞խ… Հիմա եմ վախենում, որովհետեւ գիտեմ՝ այդ ֆիլմը շատ ավելի լավն էր լինելու, քան ինձ հաջողվել է անել… Վախենում եմ՝ հետո ինձ չմեղադրեմ: Գուցե մի օր վերամոնտաժեմ, Արցախում նկարահանած նյութերս պահպանում եմ դեռ:

Մասնագիտական գիտելիքների կիրառում…

Կինոարվեստի մասնագիտական գիտելիքները միշտ են օգնում՝ անկախ նրանից՝ նկարհանման հրապարակում եմ, թե լեռնարշավի: Առաջին մասնագիտությամբ սցենարիստ եմ ու դրամատուրգիական նրբություններին տիրապետելը միշտ օգնում է ճիշտ լուծումներ գտնել, հատկապես, երբ խոսքը վավերագրական ֆիլմի մասին է. պահի տակ արագ կողմնորոշվելու, կիսատը համապատասխան լրացնելու եւ ճիշտ շեշտերը գտնելու առումով: Եվ հետո, երբ մասնագիտական հմտություններ ես ունենում, ապա գործում համարձակ ու ինքնավստահ ես լինում: Կարողանում ես ճիշտ աշխատել թիմի հետ, տեխնիկայի հետ: «Բանակի մայր»-ն իմ միակ ֆիլմն է, որտեղ համարձակվել եմ տեսախցիկը ձեռքս վերցնել, քանի որ ոչ միայն ռեժիսոր էի, այլեւ օպերատոր: Բացի դրանից՝ կան որոշ գիտելիքներ, որ բուհում չես սովորում, այլ գործնականում: 



Ֆիլմի ցուցադրություն` Հայաստանի սահմաններից դուրս…

Արդեն չորս անգամ Հայաստանում է ցուցադրվել, Ջավախքում: Արցախում շուտով կլինի եւս մեկ ցուցադրություն:

Նոր մտքեր, նախագծեր, թիմային աշխատանք…

Այսօր վավերագրական ֆիլմի նոր նախագիծ ենք սկսել: Նկարահանումները Ջավախքում ենք իրականացրել եւ գրեթե 90 տոկոսով ավարտված են: Բավականին կարեւոր նախագիծ է  թե՛ ինձ, թե՛ թիմի մյուս անդամների համար: Թիմային աշխատանքն ամենակարեւորներից է, քանի որ հաջողությունը մեծ հաշվով կախված է թիմից, հատկապես, երբ խոսքը ֆիլմի մասին է: Այսօր հոգաչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կողքիս են ու ոչ թե օգնում, այլ առաջ են մղում ինձ` իրականացնելու ամենախելառ ու անիրական թվացող շատ գաղափարներ: Երջանիկ մարդ եմ այդ առումով: Միշտ կարողացել եմ ունենալ այնպիսի թիմ, որի հետ աշխատելը թե ՛ հաճելի, թե՛ օգտակար է եղել: 

Հերոսների մասին խոսել՝ ֆիլմի միջոցով, զգացողություններ, ապրումներ…

Փորձում եմ ֆիլմի միջոցով խոսել, սակայն դեռ չեմ կարողացել այնպես խոսել, որ աշխարհին գոռամ այդ ձայնով… Չեմ սիրում իմ ֆիլմերը նայել, քանի որ երբ նայում եմ, իմ կադրերը չեն ինձ հետ խոսում, այլ այն պահը, որը ժամանակին ֆիքսել եմ: Մարտակերտի խրամատներում պատերազմին ընտելացած 18 տարեկան մեծ մարդկանց տեսնելով՝ շատ ավելի բան եմ զգացել, քան որեւէ ֆիլմ տեսնելով: Գիշերը՝ ժամը երկուսին, Ստեփանակերտի հյուրանոցում որդեկորույս մոր քնած  աչքերից ակամա ծորացող արցունքից ավելին զգալու՝ իմ 26 տարիների ընթացքում ոչինչ չեմ հիշում: Կան գործեր, որ մեծացնում են. «Բանակի մայրը»-ը  ֆիլմի նկարահանումներն այդպիսին էին: 

Սոնա Տոնականյանի հաջողության գրավականը…

Այո՜, ես հաջողակ եմ, բայց չգիտեմ՝ գրավականը որն է: Մեկ-մեկ ինքս էլ եմ զարմանում: Գուցե ազնվությունն է կամ սերը: Բանաձեւը հետեւյալն է՝ ասում են՝ այն, ինչ շատ ես ուզում, կատարվում է, բայց մի բան մոռանում են՝ այն, ինչ շատ ես ուզում, աշխատի՛ր, եւ կկատարվի: Ու եթե ցանկալի է հաջողակ լինել, ապա պետք է կարողանալ շատ սիրել ընտանիքդ, ընկերներիդ, աշխատանքդ, երեխաներին, բոլորին ու թշնամիներիդ: Սիրի՛ր, ժպտա՛ եւ կհաղթես: 

Հ.Գ.: Ինչպես նախկինում եւս նշել էինք՝ հաջողության գրավականի չափանիշները տարբեր են, սակայն անհերքելի փաստ է, որ ցանկացած՝ դեպի հաջողության տանող քայլ աշխատասիրության եւ նպատակասլացության արդյունք է: