Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լիլիթ Զեյնալյանի
Տեղադրվել է 24-09-2017
Վիրահայ երիտասարդներն այցելեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն
«Ճանաչողական եւ համագործակցության այց Հայաստան» ծրագրի շրջանակում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այսօր հյուրընկալել էր վիրահայ երիտասարդներին` Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ:



Ներկա էին նախարարության աշխատակիցները, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Թաթուլ Դավթյանը, Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ Արմինե Հովհաննիսյանը, «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ծրագրի ղեկավար Մերի Մամյանը եւ այլք:



Հանդիպման ժամանակ ներկայացվեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը, ռազմավարությունը, գերակա խնդիրները: 



«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, խոսելով ծրագրի մասին, նշեց, որ իրականացվող ծրագրերը տարաբնույթ են: Դրանք ներառում են ճանաչողական այցեր, հանդիպումներ, թրեյնինգներ: 



Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ համագործակցություն է ծավալվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ: «Բոլոր ծրագրերից գոհ ենք, քանի որ բոլորն անցել են շատ բարձր մակարդակով, որակով, իսկ երիտասարդները միշտ ոգեշնչված են վերադարձել Հայաստանից: Ծրագրերն իրականացվել են Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաեւ Արցախում»,-նշեց Վալերի Բադալյանը եւ հույս հայտնեց, որ նմանօրինակ ծրագրերը կլինեն շարունակական: 



Նրա խոսքով` ծրագիրը շատ հարմարավետ է կազմված նաեւ ժամանակացույցի առումով. «Երիտասարդներ կան, ովքեր չէին եղել Հայաստանում, իսկ այս ծրագրի շրջանակում նրանք հնարավորություն ստացան գալու եւ իրենց աչքերով տեսնելու իրենց հայրենիքը»:



Նշենք, որ հանդիպման ժամանակ երիտասարդները պատմեցին իրենց հետաքրքրությունների, նախասիրությունների եւ այդ ծրագրին մասնակցելու կարեւորության մասին: 



Մեզ հետ զրույցում Անի Աղաբալյանը, ով սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտության բաժնում, նշեց, որ առաջին անգամ չէ այցելում Հայաստան, իսկ այդ ծրագիրը եւս հաճելի պատճառ է դարձել, որպեսզի այցելի հայրենիք: 



Անին երկրորդ մասնագիտությամբ հայագետ է, իսկ այդ ծրագիրն առավել կօգնի, որ խորացնի գիտելիքներն ու ավելի տեղեկանա հայրենիքի մասին. «Ծրագրին մասնակցեցի մեծ հաճույքով: Հույս ունեմ, որ կլինի շարունակական, քանի որ հաճելի է հենց ազգակիցներիս հետ շփվելը»: 



Հավելենք, որ ծրագրի նպատակն է օժանդակել Սփյուռքում հայապահպանությանը, հայկական մշակույթի տարածմանը, հայկական արժեքների, ազգային ինքնության պահպանմանը: