Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-09-2017
Հայտնի է «Միսս Արմենիա-2017»-ի անունը
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 24-ին անցկացվեց «Միսս Արմենիա 2017» համահայկական գեղեցկության մրցույթը: Գլխավոր տիտղոսի համար մրցում էին 24 գեղեցկուհիներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։

Մրցութային ծրագիրը ներառում էր տարազներով, լողազգեստով եւ երեկոյան զգեստով ելույթներ: Միջոցառման ընթացքում կազմակերպված շոուի ընթացքում ելույթ ունեցան Իվետա Մուկուչյանը, Հայկոն, Սեւակ Խանաղյանը եւ այլ հայտնի արտիստներ: 

Մրցութային ժյուրին, որի կազմում էին նաեւ «Միսս Արմենիա համահայկական հիմնադրամ»-ի նախագահ, «Միսս Հայաստան-1998» Գոհար Հարությունյանը եւ «Միսս Հայաստան-2003», «Վիցե միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանը, «Միսս Արմենիա-2017» տիտղոսը շնորհեց Լիլի Սարգսյանին: 17-ամյա Լիլին Հայաստանն ամբողջ տարվա ընթացքում կներկայացնի միջազգային մրցույթներում:

1-ին վիցե միսս ճանաչվեց Անահիտ Իսահանովան, 2-րդ վիցե միսս՝ Արփինե Հարությունյանը, 3-րդը՝ Թերեզա Մարտիրոսյանը, իսկ 4-րդ վիցե միսս՝ Արմինե Մանուկյանը: 

«Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին արժանացավ Էդուարդա Բաղդասարյանը: Տիտղոսի համար կազմակերպվել էր sms քվեարկություն, որից ստացված հասույթն ուղղվելու է Գյումրու անապահով ընտանիքներին: 

Շնորհվեցին նաեւ հատուկ տիտղոսներ: «Միսս Սփյուռքի թագուհի» ճանաչվեց Սինտիա Տաբուջյանը: «Միսս տաղանդ» դարձավ Թերեզա Մարտիրոսյանը: 

Նշենք, որ «Միսս Արմենիա» ազգային մրցույթը 1996 թվականին հիմնադրվել է Կամերային պետական թատրոնի ղեկավար Արա Երնջակյանի կողմից։ 1996 թվականից հետո մրցույթը որոշակի ընդմիջումներով անցկացվել է մինչեւ 2012 թվականը։

Այս տարվա միջոցառումը կազմակերպել էր «Միսս Արմենիա համահայկական հիմնադրամ»-ը՝ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: «Միսս Արմենիա համահայկական հիմնադրամ»-ի նախագահը «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Miss Globe 2009» Գոհար Հարությունյանն է: