Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից և Գագիկ Ավետիսյանի
Տեղադրվել է 27-09-2017
«Խրամատից` հավերժություն». Անդրանիկ Զոհրաբյան
Eritasard.am-ն ընթերցողին է ներկայացնում իր նոր՝ «Խրամատից` հավերժություն» հեղինակային շարքը, որը կպատմի ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված զինծառայողների կյանքի ու սխրանքի մասին:

Շարքի անդրանիկ հերոսը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդացրորդ, շարքային Անդրանիկ Զոհրաբյանն է, ով 2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վաշտի հրամանատարի՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանի և զինակից ընկերների հետ աննահանջ պայքար է մղել թշնամու մեծաքանակ ուժերի դեմ եւ ընկել հերոսի մահով: ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով: Արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի: ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ մարտական դիրքերից մեկն անվանակոչվել է նրա անունով: 

«Մա՛մ, չվախենա՛ս, ոչինչ էլ չի պատահել…»

Վեդիում եմ` Անդրանիկ Զոհրաբյանի տանը: Ծնողները՝ Ատոմ եւ Ալլա Զոհրաբյանները, հարազատի ջերմությամբ են տուն հրավիրում, իսկ այդ պահին այնքա՜ն հարկավոր բառերը կանգնում են կոկորդումս… Ապա արեւի շողերով ոսկեզօծված սենյակն աչքերիս առաջ ավելի առատորեն է լուսավորվում՝ նկարից «նայող» զինվորի ժպիտով… Սենյակի բոլոր անկյուններում Անդրանիկի  խոհուն աչքերն են. տունը շնչում է Անդրանիկով: 



«Մեր առաջնեկն էր, նրա ծնունդը մեզ համար առանձնահատուկ խորհուրդ է ունեցել: Դժվարությամբ է լույս աշխարհ եկել՝ պայքարելով: Ու միշտ է պայքարել: Ես հիմա մտածում եմ՝ գուցե այդքան դժվարին պայքարով ծնվեց, որ ապրեր հենց այն օրվա՞ համար…»,- կարծես բարձրաձայն մտորում է զինվորի մայրը: 

Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է 1996 թ.-ի մայիսի 1-ին: Պապի անունն էր կրում, ով մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, արժանացել բարձր պարգեւների: Ո՞վ իմանար, որ Անդրանիկ պապի անունը կրող թոռը պիտի հերոսանար, անգամ գերազանցեր պապին…

Առաջնեկի մանկության դրվագները, հուշերի տաք պատառիկները կարծես նոր երանգներ ու շունչ են ստանում, վերաիմաստավորվում ու ապրեցնում ծնողներին: 

«9 ամսական էր, երբ սկսեց քայլել: Ուրցաձորում էինք բնակվում: Մեր տան դիրքն ավելի ցածր էր, քան փողոցինը: Դարպասից դուրս առվակ էր, վրան՝ կամուրջ, ապա՝ փողոցը: Հիշում եմ, թե առաջին անգամ ինչպես քայլեց որդիս,- պատմում է հայրը,- ձեռքը բռնած՝ օգնեցի, որ տնից մինչեւ դարպասներն ընկած վերելքը հաղթահարի: Ապա փոքր-ինչ երերաց, դարպասի անկյունից բռնվեց, որ չընկնի, ձգվեց ու առաջ գնաց: Առաջին անգամ ինքնուրույն դուրս եկավ փողոց, եւ ես դրա մեջ այլ խորհուրդ տեսա: Նա մուտք էր գործում աշխարհ, ու ես չգիտեի, թե ինչ է լինելու հետո: Մտովի խնդրեցի Աստծուն, որ ընդունի որդուս եւ տանի նրան միայն լուսավոր ճանապարհներով: Ես չգիտեմ՝ Աստված լսե՞ց խնդրանքս: Բայց… Աստծո գործերն անքննելի են»: 



Անդրանիկը չափազանց ազնիվ երեխա էր: Այնքան ազնիվ, որ ծնողները հաճախ էին մտածում՝ ինչպե՞ս է ապրելու մեծ աշխարհի օրենքներով: Հայրը շարունակում է. «Տարեկիցներն այլ հետաքրքրություններ ունեին, հաճախ՝ ավելի շատ նյութականացված, տղաս կարծես այդ ամենից վեր էր կանգնած: Ես հաճախ ինքս ինձ հարցնում էի՝ եթե այդ ամենն իրենը չէ, ապա ի՞նչն է իրենը, ի՞նչ ճանապարհով է գնալու: Հետո ինքս իմ հարցին պատասխան էի գտնում. ուրեմն ինքը գիտի, ինքը կգտնի իր ճանապարհը»: 

Մայրը պատմում է, որ ոչնչից չէր վախենում: Նույնիսկ դժվարին իրավիճակներում ինքն էր հուսադրում. «6 տարեկան էր, երբ ֆուտբոլ խաղալիս ընկել ու ձախ թեւի կոտրվածք էր ստացել: Հասա տուն, տան դիմաց մեքենաներ էին կանգնած: Տագնապը սրտումս՝ ներս մտա: Անդրանիկը պառկած էր բազմոցին՝ թեւը վիրակապած: Ասաց՝ մա՛մ, հանկարծ չվախենաս, ոչինչ չի պատահել: Մի քիչ կոտրվել է, չի ցավում, տե՛ս՝ ես չեմ լացում»: 



Զինվորական հավաքակայանում իմացավ, որ ընդունվել է… 

Դեռ մանկուց գնդակից չէր բաժանվում. եթե կար գնդակը, մոռանում էր աշխարհի բոլոր խաղալիքների մասին: 6 տարեկան էր, երբ ընտանիքն Ուրցաձորից տեղափոխվեց Վեդի: Ամենասիրելի զբաղմունքը բակում ֆուտբոլ խաղալն էր: Ծնողները, նկատելով սերն այդ մարզաձեւի հանդեպ, 8 տարեկանից նրան մարզադպրոց տարան: Հետագա մի քանի տարիների ընթացքում իր տարիքային խմբում մասնակցեց  ՀՀ ֆուտբոլի առաջնություններին եւ մի շարք մրցաշարերի: Հերթական հանդիպման ժամանակ Երեւանից ժամանած մարզիչներից մեկը նկատեց տղայի ներուժը եւ առաջարկեց  մարզումները շարունակել մայրաքաղաքում: 2014 թ.-ի գարնանն էլ տեղափոխվեց «Արարատ» ֆուտբոլային ակումբ՝ առաջին լիգա, ամիսներ անց, սակայն, զորակոչվեց ԶՈՒ: 

Դպրոցում եւս պարտաճանաչ, պատասխանատու աշակերտ էր, միշտ տարբերվող: 2011-2014 թվականներին սովորեց Հայաստանում «Եվրոպական քոլեջ» հիմնադրամի Վեդու մասնաճյուղում: Ավարտական քննությունները հանձնելուց հետո գնահատականները  բավարարում էին, որպեսզի ուսումը շարունակեր Եվրոպական ակադեմիայում, սակայն Անդրանիկն այլ ճանապարհ էր ընտրել: Բանակ զորակոչվելուց առաջ որոշեց ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ: Ասում էր. «Պա՛պ, մարզիչ եմ դառնալու, լավ թիմ եմ ունենալու այստեղ»: Քննությունները հաջողությամբ հանձնեց, եւ ինչպես ծնողներն են ասում՝ գրեթե վազելով զորակոչվեց  ԶՈՒ. քննություններից հետո չհասցրեց անգամ հանգստանալ:  Զորակոչվելու օրը հայտնի դարձավ, որ ընդունվել է, եւ ծնողները զինվորական հավաքակայանում որդուն հայտնեցին ուրախալի լուրը: 

Մնաց 100 օր… 



Անդրանիկի անձնական իրերի մեջ ուշադրությունս գրավում է փոքրիկ գրքույկը. զինվորի աղոթագիրք է, որը միշտ գրպանում է եղել: Էջերի արանքում խնամքով պահված թղթերի մեջ երեք գրպանի օրացույց եմ նկատում: Հայրը մատնացույց է անում վերջինը: Անդրանիկն օրացույցի վրա ջնջել է օրերը մինչեւ մարտի 27-ը, ապրիլի 7-ը ներկել կարմիր գրչով. այդ օրը պիտի սկսվեր մինչեւ ծառայության ավարտը մնացած 100 օրվա հետհաշվարկը: Եվ միայն զոհվելուց հետո են ծնողներն իմացել, որ ընկերներից մեկին նախապես խնդրել էր տորթ պատվիրել ու ապրիլի 7-ին տանել իրենց տուն, որպեսզի մայրը չզգա իր բացակայությունը: Տորթի վրա պիտի գրված լիներ՝ մնաց 100 օր, բայց…

116-ի քառյակը փոխեց պատերազմի ընթացքը

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու առաջին հարվածներից մեկն իր վրա վերցրեց ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված 116 հանրահայտ մարտական դիրքի անձնակազմը: Հրամանատարի՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ Անդրանիկը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը առանց քայլ անգամ նահանջելու կռվեցին մինչեւ վերջին ճիգը, վերջին փամփուշտը, վերջին շունչը… Հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, պատմում է. «Թշնամին պլանավորել էր դիրքը ճեղքել ու մտնել Մարտակերտ, ապա անցնել ավելի հեռահար նպատակների իրականացմանը: Ես կցանկանայի մեջբերել հրամանատարներից մեկի խոսքը. «Տղերքը փոխել են պատերազմի ընթացքը», եւ թշնամու համար բուն  նպատակը վերածվել է դիրքը գրավելու պայքարի: Տղաները կարողացել են հյուծել թշնամուն, սպառել նրա ուժը»:  



Ինչպես հրամանատարներից մեկն է բնութագրել, համառ ու գրագետ մարտը տեւել է մի քանի ժամ: Կապիտան Ուրֆանյանի գրագետ մարտավարության շնորհիվ հաջողվել է մեծ թվով թշնամու զինյալների ոչնչացնել: Ականատեսներից մեկը լսել է, թե ինչպես է հրամանատարը ոգեւորում գնդացրորդ Անդրանիկին. «Անդո՛ ջան, հալալ է, ա՛յ էդպես պահի՛ր, ցավդ տանեմ»

Անհավասար մարտում նախ զոհվել են հրամանատարը եւ Քյարամ Սլոյանը: Նրանց զոհվելուց հետո Անդրանիկն ու Ռոբերտը շարունակել են մարտը: Անդրանիկը 3-րդ անգամ փոխել է դիրքը, բարձրացել բաց տեղանք, որպեսզի ավելի արդյունավետ կրակ վարի արդեն դիրք ներխուժած ադրբեջանցիների ուղղությամբ: Սակայն որոշ ժամանակ անց ականանետով կրակ են բացել նրա ուղղությամբ: Անդրանիկը վիրավորվել է: Ապա մեկ այլ՝ ավելի հուժկու պայթյուն է որոտացել, եւ նրան արդեն ոչ ոք չի տեսել: Ենթադրվում է, որ Ռոբերտ Աբաջյանն է վիրավոր Անդրանիկին տարել իր հետ: Եվ երբ կապ է հաստատել զորամասի հրամանատարության հետ, տեղեկացրել է, որ ողջ են մնացել միայն ինքն ու Անդրանիկը, եւ ընկերը վիրավոր է: Հաջորդ՝ վերջին անգամ Ռոբերտը կապ է հաստատել ժամը 06: 38-ին՝ հայտնելով. «Անդոն էլ չկա: Ես մենակ եմ, ունեմ մի նռնակ եւ գիտեմ, թե ինչ կանեմ»: 



«Երբ Անդրանիկը գնդացրորդ դարձավ, ես անհանգստացա, քանի որ թույլ արտահայտված կարճատեսություն ուներ: Միեւնույն ժամանակ վստահ էի՝ ձգտելու է իր զենքին այնպես տիրապետել, որ որեւէ մեկին չզիջի: Նպատակին ամեն գնով հասնելու ձգտումն իր մեջ զարգացրել էր սպորտը: Խնդիրները երբեք չէր շրջանցի, այլ կգնար դեպի դժվարությունը եւ կփորձեր «խժռել» այն: Ինչքան էլ արտաքուստ զուսպ էր, ներքին մեծ ուժ ուներ, ու ես վստահ եմ, որ մարտի դաշտում էլ դրսեւորվել է այն. ես երանի չեմ տալիս նրա դիմաց կանգնած թշնամուն,-շարունակում է պատմել Ատոմ Զոհրաբյանը,- զոհվելուց հետո, երբ Անդրանիկի ու Ռոբերտի մարմինները դեռեւս դուրս չէին բերվել չեզոք գոտուց, ինձ հույս էին տալիս, որ որդիս գուցե կարողացել է թաքնվել ինչ-որ տեղ ու փրկվել է: Որքան էլ ցավոտ էր, ասացի՝ չէ՛,  իմ տղային փնտրե՛ք զոհվածների մեջ, նա իր հրամանատարի կողքին է եղել, ուրիշ տեղ չէր կարող լինել»: 


«Պա՛պ, հիշի՛ր, երբեք թուրքի առաջ մեջքով չեմ շրջվի»


«Երբ վերջին անգամ արձակուրդ էր եկել, բավականին երկար զրուցեցինք ծառայության մասին, հայրական խորհուրդ տվեցի՝ զգո՛ն եղիր, մենք ողջ ու առողջ ենք քեզ սպասում, միշտ հիշի՛ր՝ դիմացինդ ով է: Ասաց. «Պա՛պ, հիշի՛ր, իրենք մեզանից լավ տղա չեն, մեզանից հզոր չեն: Ով ուզում է գա, քանի հոգով ուզում են՝ գան, կյանքում թուրքի առաջ մեջքով չեմ շրջվի… Դու չգիտես՝ ես մենակ չեմ, դիրքում մենք եղբայրներ ենք»: Ես ոչինչ չասացի: Այդ պահին կարծես նա լիներ իմ ծնողը, ես՝ նրա երեխան»,-հիշում է հայրը: 

«Դիրքերում մի աներեւույթ ուժ ինձ առաջ էր տանում. ասես որդիս գալիս էր ինձ հետ»

Տիկին Ալլան պատմում է, որ որդու հետ յուրահատուկ կապ են ունեցել, անգամ զգացել է նրա տագնապները, անհանգստությունը. «Ինձ հետ շատ մտերիմ էր, գաղտնիքներն ինձ էր պահ տալիս… Զոհվելուց հետո՝ երկար ժամանակ, որդուս երազում չտեսա: Ապա սկսեցի տեսնել, սակայն երբեք չէր խոսում հետս: Մարտակերտ գնալուց առաջ 3 գիշեր ես նույն երազը տեսա. միայնակ նստած էր մի հողաթմբի վրա ու նայում էր ինձ, բայց չէր խոսում: Երբ բարձրաձանք դիրքեր, ինչ-որ մի աներեւույթ ուժ ինձ առաջ էր տանում, ասես որդիս գալիս էր ինձ հետ: Ես տեսա այն նույն՝ իմ երազի հողաթումբը: Տղաների հետ խոսելուց, դիրքերից իջնելուց հետո անսովոր հանգստություն իջավ: Այդ երազն այլեւս չտեսա, երեւի սպասում էր, որ գնամ…»: 

«Տղերքը չորսով տուն եկան…»



Վերջին շրջանում համացանցում մեծ տարածում գտավ նույն զորամասում զինվորներից մեկի վրձնած նկարը, որտեղ պատկերված է կապիտան Ուրֆանյանը՝ իր 3 զինվորների հետ՝ խրամատում: Աշխատանքի բնօրինակն այժմ զարդարում է Անդրանիկի տան պատը: Նկարից առհասարակ հնարավոր չէ կտրվել… Զարմանալի կլանող, ձգող ուժ ունի:

… Անդրանիկը լուսանկարվել չէր սիրում: Դա է պատճառը, որ երբ այս տարվա հունիսին ծնողներն այցելել են որդու մարտական դիրք, մայրը հետաքրքրվել է՝ գուցե որեւէ մեկը լուսանկար ունի Անդրանիկի հետ:
 
«Մեր հեռանալուց հետո տղաները բոլորին հարցրել են, թե ով Անդրանիկի հետ լուսանկար ունի. չեն գտել, բայց մտածել են ու գտել ելքը: Ապա որոշել՝ նկարը պիտի Անդրանիկի տանը լինի: Շուրջ մեկ ամիս առաջ այն բերեցին: Երբ նկարը բացեցին, ամբողջ էությամբ զգացի, որ որդիս տուն եկավ մարտական ընկերների հետ: Տղերքը չորսով տուն եկան: Այս հզոր տղերքը եղբայրներ են: Նրանք միասին են կռվել, խրամատի հողը ներծծված է նրանց արյամբ: Ավելի թանկ եղբայրություն չի կարող լինել: Նրանք երկնքում էլ միասին են. այսպես՝ ուս ուսի»: 

Խաղաղ օրերին՝ աղավնի, պատերազմի ժամանակ՝ արծիվ



Պատմում են, որ անմահ քառյակին նվիրված հուշակոթողի բացման արարողության ժամանակ երկնակամարում անսպասելի 4 արծիվ են հայտնվել: Երբ Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, սկսել է ելույթը, երեք արծիվները հեռացել են, մեկը շարունակել է ճախրել: Հուշակոթողի բացումից հետո տեղի է ունեցել Անդրանիկի անվան դասարանի բացումը, ապա՝ մի շարք միջոցառումներ. արծիվը երկնքից ուղեկցել է… Իսկ վերջին անգամ հայտնվել է երկնակամարում ու շարունակել իր խոյանքը Անդրանիկին նվիրված ֆուտբոլի մրցաշարի ժամանակ…

Արծիվը վաղուց չի երեւացել, բայց նրա փոխարեն ամեն առավոտ մի ճերմակ աղավնի է թառում նրանց տան պատշգամբին: Երբեմն մենակ է գալիս, երբեմն՝ զույգով: 



«Որքան էլ տարօրինակ է՝ չի վախենում, չի թռչում, մնում է պատշգամբում նստած, երբեմն խոսում եմ հետը, նայում է ուղիղ աչքերիս… կարծես լսում է»,- ասում է տիկին Ալլան: Հայրն էլ այսպես է մեկնաբանում. «Տղաներն ընտրյալներ էին, նրանք գիտակցված գնացին սխրանքի: Հիմա՝ խաղաղության օրերին, նրանք աղավնի են, բայց Աստված մի՛ արասցե՝ որեւէ ոտնձգություն լինի, նրանք նորից հզոր արծիվներ են դառնալու ու պատժեն»: 

Վերածնված Անդրանիկը

Վերջին անգամ, երբ Անդրանիկի ծնողները դիրքեր են այցելել, նրանց է մոտեցել սպաներից մեկը եւ թույլտվություն խնդրել, որպեսզի որդուն անվանակոչի Անդրանիկի անվամբ: Երբ երեխան ծնվել է, ծննդատնից առաջինն Անդրանիկի ծնողներին են զանգահարել ու ավետել՝ Անդրանիկը ծնվեց: 



Հ.Գ: Օրվա վերջում Անդրանիկ Զոհրաբյանի ծնողների ուղեկցությամբ եղանք Վեդիում եւ Ուրցաձորում կառուցված հուշաքարերի մոտ, այցելեցինք Վեդու Գագիկ Մարգարյանի անվան դպրոցում բացված Անդրանիկի անվան դասարան, ինչպես նաեւ պանթեոն, որտեղ կողք կողքի են մերօրյա հերոսն ու Արցախյան պատերազմի ժամանակ զոհված վեդեցիները: 

Պանթեոնի մուտքի մոտ հայրը կիսաձայն շշնջաց՝ բա՛րեւ, տղե՛րք…  

Երբ հեռանում էինք, մատնացույց արեց պանթեոնում շիրմաքարերից ազատ մնացած տարածքը, ապա հայացքն ուղղեց երկինք ու խնդրեց, որ այն երբեք տեր չունենա: