Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 29-09-2017
Հայտնի են «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք»-ի մրցանակակիրները
Արդեն 15-րդ տարին է, ինչ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այն նպատակ ունի գնահատելու հրապարակային, բաց աշխատանքը եւ քննադատելու փակ ու գաղտնի աշխատելաոճը:

Առաջին դեպքում մրցանակակիրները ստանում են «ոսկե բանալիներ»` որպես հրապարակայնության խորհրդանիշներ, իսկ մյուս պարագայում` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշներ:

«Այս միջոցառմամբ խրախուսում ենք ե՛ւ այն պետական մարմիններին, որոնք իսկապես գիտակցում են տեղեկատվության բաց եւ թափանցիկ, հրապարակային աշխատելու կարեւորությունը, ե՛ւ այն հանրային գործիչներին, լրագրողներին, քաղաքացիներին, ովքեր, օգտագործելով այդ իրավունքը, կարողանում են այն պաշտպանել, հանրությանը տեղեկատվություն տալ՝ դրանով նպաստելով մեր երկրի ժողովրդավար հասարակության կայացմանը»,- նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը:

Մրցանակաբաշխության դրական մրցանակ «ոսկե բանալիները» շնորհվեցին՝

ՀՀ Շիրակի մարզպետարանին՝ որպես ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը,

www.geo-fund.am-ին (ՀՀ Կառավարության կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի պաշտոնական կայք)` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայքի,

«Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությանը՝ որպես տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ եւ լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպության, 

Անահիտ Բախշյանին՝ որպես «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող հանրային գործչի,

«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Դավիթ Ասատրյանին՝ որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահետեւողական պայքարող իրավապաշտպանի,

«Հետք» առցանց լրատվամիջոցին՝ որպես «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոցի,

Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանին՝ որպես տեղեկատվության տրամադրումն ամենաարագն ու արդյունավետն ապահովող պատասխանատուի: 

Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշ «ժանգոտ կողպեքը» ստացավ Հայաստանի պատմության թանգարանը՝ որպես 2017 թ.-ի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-մարմին: Վերջինս թանգարանի ցուցանմուշների ցանկի տրամադրման վերաբերյալ հարցումը մերժել էր՝ հիմնավորելով իր ներքին կանոնագրքի կետով, ինչն օրենքից չի բխում:

Նշենք, որ մրցանակակիրներին որոշում է լրագրողներից, ոլորտի փորձագետներից կազմված անկախ ժյուրին:

Պատկերասրահ` Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք - 2017