Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 29-09-2017
«Կարեւոր է յուրաքանչյուրը»՝ գյուղական համայնքների երիտասարդների համար
Այսօր Երեւանում մեկնարկեց «Կարեւոր է յուրաքանչյուրը» Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդների զորացման ծրագրի շրջանակում կազմակերպվող միջազգային ֆորումը: Այն նախաձեռնել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը:


Ֆորումի բացման արարողությանը ներկա էին եւ ելույթով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության քաղաքականության վարչության համագործակցության եւ վերլուծության բաժնի պետ Մարինե Սարգսյանը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանը, Ուկրաինայի եւ Մոլդովայի սպորտի եւ երիտասարդության նախարարությունների ներկայացուցիչներ եւ մի շարք այլ պաշտոնյաներ։



«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է նաեւ Ուկրաինայում եւ Մոլդովայում. «Ցանկանում ենք ծրագրի միջոցով երկխոսություն ստեղծել երիտասարդական քաղաքականության պատասխանատուների եւ երիտասարդների միջեւ, որտեղ երիտասարդները կկարողանան իրենց խնդիրները ներկայացնել երիտասարդական քաղաքականությունը մշակողներին եւ հանդես գալ առաջարկություններով»: 


 
Ըստ Գրիգոր Երիցյանի՝ ՀԿ-ի ներկայացուցիչները 6 ամիս շարունակ այցելել են 5 մարզերի 10 գյուղական համայնքներ, որտեղ հանդիպել են երիտասարդների հետ եւ դասընթացներ  անցկացրել, բացահայտել երիտասարդական ոլորտում առկա խնդիրները: 



«Երիտասարդների շրջանում առաջին կարեւոր խնդիրները գործազրկությունն ու հմտությունների բացակայությունն են: Օրինակ` նրանք չգիտեն` ինչպես գրել ինքնակենսագրական նամակ, ինչպես անցնել հարցազրույց, որտեղ փնտրել կրթական հնարավորություններ: Ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում եւ հատկապես գյուղական համայնքներում ապրող երիտասարդներին օգնել, որ զարգացնեն իրենց կարողությունները եւ ավելի մրցունակ դառնան թե´ կրթական ծրագրերում եւ թե´ աշխատաշուկայում»:



Նշենք, որ ծրագրի վերջնական արդյունքը կհրապարակվի ձեռնարկի տեսքով, որտեղ ներառված կլինեն ծրագրի շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: