Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 29-09-2017
«DigiTecExpo-2017»-ը մեկնարկեց
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, մեկնարկեց «DigiTecExpo-2017»-ը: Այն տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն է եւ «B2B», «B2C» շփման հարթակը:

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող եռօրյա ցուցահանդեսը տարիների ընթացքում իսկական տոնի եւ ՏՏ ոլորտի ստուգատեսի է վերածվել տեխնոհասարակության համար:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը եւ այլք:

Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչը «Union of Information Technology Enterprises-UITE» ընկերությունն է, պլատինե հովանավորը՝ «Ucom» ընկերությունը: Հովանավորների շարքում է նաեւ «Արփինետ» ընկերությունը: 

«DigiTecExpo»-ն այս տարի աննախադեպ է միջազգային ընկերությունների եւ պատվիրակությունների մասնակցության ու լայն աշխարհագրության առումով. Ճապոնիա (Հայ-ճապոնական ֆորում), Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Կանադա, Անգլիա, ՌԴ, Շվեդիա, Ավստրիա, Գերմանիա, Հունաստան, Լատվիա, Լիտվա, Բելառուս, Ուկրաինա եւ այլն:

Ցուցահանդեսի շրջանակում ՏՏ ոլորտի առաջատարներն ու տեխնոհասարակությունը ներկայացնում են շուկայի վերջին թրենդներն ու նորարարությունները: Ինչպես նաեւ դա հիանալի հարթակ է նոր գործընկերներ ձեռք բերելու համար: «DigiTecExpo»-ում այս տարի եւս կանցկացվեն մի շարք սեմինարներ, ինչպես տեղական առաջատար, այնպես էլ միջազգային ընկերությունների կողմից («Joomag», «Nextury Ventures-Ilja Laurs», «Cananadian Showcase», «UFAR», «ARPA», «Benivo-Dmitry Brodsky», «Arnaud Belhamou» եւ այլն):

Եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացված են հայկական տեխնոհսկաների, նորաստեղծ եւ այլ ընկերությունների եւ անգամ դպրոցականների նորարար պրոդուկտներն ու տեխնոլոգիական լուծումները: Կանցկացվեն ռոբոտների 10-րդ առաջնությունը, եռաչափ մոդելավորման մրցույթ եւ այլն:

Հավելենք, որ «DigiTecExpo»-ի շրջանակում գործում է նաեւ «DigiTecExpo» բջջային հավելվածը, որը կօգնի կողմնորոշվել «DigiTec»-ի բոլոր միջոցառումներում, ինչպես նաեւ գտնել մասնակից ընկերությունների թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, նշանակել հանդիպումներ եւ այլն:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը գոհունակություն հայտնեց, որ այս տարի էքսպոյին մասնակցում են տասնյակ արտասահմանյան ընկերություններ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը արտասահմանյան ընկերությունների հետ: 

«Ասածիս ապացույցն այն է, որ այսօր ներկայացված է մոտ 150 ընկերություն՝ յուրաքանչյուրն իր լուծումներով: «DiciTec»-ի զարգացումն ու տարածումը վկայում են նաեւ այն, որ մասնակցում են տասնյակ արտասահմանյան ընկերություններ, իսկ համագործակցության շրջանակներն ընդլայնվում են»,- ընդգծեց նախարար Վահան Մարտիրոսյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ ընդգծեց, որ «DiciTecExpo-2016»-ի ռազմաարդյունաբերական ցուցադրությունից հետո ՊՆ-ի հետ քննարկվել են որոշ հարցեր, իսկ այս տարվա ցուցադրության համատեքստում քննարկվում է բանակի եւ տեխնոլոգիական ոլորտի համագործակցության ձեւաչափը:

Պլատինե հովանավոր «Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ «DiciTec»-ը տեխնոլոգիական տոն որակեց՝ նշելով, որ իրենց ընկերության համար պատիվ է նման միջոցառում հովանավորելը: Նա նկատեց, որ շատ լուծումներ, որոնք արդիական են աշխարհի համար, ծնվում են հենց Հայաստանում:

«Շատ հետաքրքիր եւ կարեւորագույն քայլեր են մեր երկրի համար, եւ մեր փոքր ընկերությունները կարողանում են իրենց ներկայացնել բավականին բարձր մակարդակով: Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ գրեթե չկա ոլորտ, որը «IT» ներգրավվածության անհրաժեշտություն չունի»,- նշեց Հայկ Եսայանը:

Հավելենք, որ «DiciTec»-ը ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո 2005 թ.-ից իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից:

Պատկերասրահ՝ DigiTecExpo-2017