Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 29-09-2017
Էրեբունի-Երեւանի 2799-ամյակին ընդառաջ
«Երեւան սիրո քաղաք». ահա այսպիսի խորագրի ներքո այս տարի կնշվի Էրեբունի-Երեւանի 2799-ամյակը:

Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Վերջինս մի շարք մանրամասներ ներկայացրեց տոնակատարության ծրագրի, կազմակերպչական աշխատանքների, բյուջեի եւ սոցիալական բաղադրիչի մասին:

Արամ Սուքիասյանը նշեց, որ այս տարի ընտրվել է 4 բաղադրիչ՝ «Տե՛ս Երեւանը», «Սիրի՛ր Երեւանը», «Զգա՛ Երեւանը» եւ «Լսի՛ր Երեւանը»: Այս բաղադրիչները նորարարություն են լինելու այս տարի եւ հետայսու դրանք կիրառվելու են այլ միջոցառումների ժամանակ: 



Երեւանյան տոնակատարությունների մեկնարկը (հոկտեմբերի 14) կտրվի ջրցան մեքենաների շքերթով, հուշարձանների լվացմամբ: Այս տարվա նորարարություններից կլինի նաեւ նկարիչների կողմից նկարվող համատեղ կտավը՝ «Մեկ կտավ Երեւանիս» (Սարյանի անվան այգի): Երեւանի տարբեր հատվածներում կլինեն մի շարք միջոցառումներ՝ «Սիրում եմ քեզ, Երեւա՛ն» կավճանկարչություն, մանկական տոնական ծրագրեր, ազգային երգ, պար, ջազ համերգներ, հոլովակների ցուցադրություններ, երիտասարդական դիսկոտեկ, ռոք համերգ: Ինչպես նաեւ Երեւանի տարբեր հատվածներում կլինեն ֆլեշ-մոբեր «Սիրով՝ Երեւանիս» խորագրով: Միջոցառումների վերջում էլ կլինի ավանդական, տոնական հրավառություն:

Արամ Սուքիասյանի խոսքով՝ Երեւանի տոնն իսկապես մեծ ուրախություն կպատճառի երեւանցիներին, քանի որ ամեն ինչ իսկապես արվելու է բարձր մակարդակով: 

Սպասվում են նաեւ մի շարք քաղաքներից հյուրերի այցեր: Արդեն 20 քաղաք հաստատել է իր ներկայացուցիչների այցը Երեւան: Այդ քաղաքների թվում են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Գլենդեյլը, Կիեւը, Օդեսան, Ռիգան, Փարիզը եւ այլն: 



Փոխքաղաքապետն անդրադարձավ նաեւ սոցիալական բաղադրիչին՝ նշելով. «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս Երեւանի տարիքի թվով ընտանիքներ կստանան նվերներ: Նրանց թվում են սոցիալապես խոցելի խմբերը, վետերանները, ազատամարտիկները: Նրանք մեր աջակից կազմակերպությունների եւ գործընկերների կողմից կստանան կենցաղային տեխնիկա եւ այլ աջակցություն»:
Արամ Սուքիասյանը, անդրադառնալով այս տարվա բյուջեին, ասաց, որ այս տարի նախատեսված է ծախսել մոտ 60 մլն դրամ: 

Նշենք, որ Էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 28-ին մոտ 1500 ծնող կկարողանա այցելել զորամասեր՝ իրենց երեխաներին տեսակցելու համար: 

Փոխքաղաքապետն անդրադարձավ նաեւ հաջորդ՝ հոբելյանական 2800-ամյակին` նշելով, որ արդեն կազմվել է համապատասխան հանձնաժողով: