Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-09-2017
Ոչ ֆորմալ հանդիպում՝ Արսեն Քարամյանի հետ
Այսօր երիտասարդները հանդիպում ունեցան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ։



Հանդիպումը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան։



Ոչ ֆորմալ հանդիպումը հիանալի հնարավորություն էր երիտասարդական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների համար։ Միջոցառման ընթացքում փոխնախարարը եւս մեկ անգամ խոսեց երիտասարդական 3 կարեւոր խնդիրների մասին՝ զբաղվածություն, որակյալ կրթություն եւ սոցիալական խնդիրներ. «Այսօր մեր երկրում երիտասարդների համար շատ դժվար է աշխատանք գտնելը, եւ դա ամենասուր խնդիրներից մեկն է, որ հետապնդում է երիտասարդությանը: Երկրորդ խնդիրը որակյալ կրթությունն է»:



Պարոն Քարամյանի խոսքով` երիտասարդը պետք է այնպիսի կրթություն ստանա, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի աշխատանք գտնելը: Երրորդն էլ սոցիալական խնդիրներն են, որոնք բխում են ե՛ւ առաջինից, ե՛ւ երկրորդից:



Փոխնախարարն ընդգծեց, որ այդ խնդիրները միայն Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը չի կարող լուծել: Դրա համար անհրաժեշտ է միջգերատեսչական արդյունավետ աշխատանք տանել։



Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթությանն առնչվող խնդիրները։ Արսեն Քարամյանը բարձրագույն որակյալ կրթության ապահովման խնդրի լուծման համար կարեւորում է հետեւյալ մոտեցումը. այն պետք է լինի թանկ, որակով եւ, իհարկե, առանձնահատուկ շնորհ ունեցող երեխաների համար մատչելի. «Լավ ապրանքը չի կարող էժան լինել: Կրթության կազմակերպումը պետք է ենթարկել էական բարեփոխման»:



Խոսելով կրթության մասին՝ փոխնախարարը նշեց՝ որ այսօր մեր տնտեսության մեջ առկա է այնպիսի մասնագիտությունների պահանջարկ, որոնք ապահովում են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Ըստ այդմ՝ պետք է ուշադրություն դարձնել միջին մասնագիտական կրթական այդ շերտին, ինչպես նաեւ հասարակությունը եւս պետք է մտածի այդ ուղղությամբ. «Ես կողմնակից եմ, որ միջին մասնագիտական շերտն էապես զարգանա, ինչպես նաեւ կրճատվի բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների թիվը: Ես հասկանում եմ, որ մեր ազգն առանձնահատուկ սեր ունի բարձրագույն կրթության նկատմամբ: Դա լավ է, բայց կարծում եմ՝ ժամանակն է, որ հայ երիտասարդները մտածեն նաեւ այս ուղղությամբ»:



Հանդիպման ընթացքում դրամաշնորհներին, սպորտային պարերին առնչվող եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք հետաքրքրում էին երիտասարդներին, ստացան իրենց պատասխանները: Պարոն Քարամյանն էլ մեծ ուրախությամբ նորություն հայտնեց ներկաներին։ Փոխնախարարը խոսեց հայկական սպորտային մարզահագուստ ունենալու մասին. բանակցությունները դեռ շարունակվում են մի շարք ընկերությունների հետ, քանի որ մարզազգեստ արտադրելը բավականին երկար աշխատանք է պահանջում, սակայն արդեն հայտնի է մարզազգեստի անվանումը՝ «Ին սպորտ»։ Երբ այն իրականություն կդառնա, դժվար է ասել, սակայն հստակ է՝ այն երկար չի սպասեցնի սպորտի սիրահարներին։



Նշենք, որ նմանօրինակ հանդիպումները երիտասարդների համար իրականում այնպիսի հարթակ են, որտեղ կարեւորվում են առողջ ապրելակերպը, թեմատիկ քննարկումները եւ իհարկե առաջարկները։ 



Հանդիպման հաջորդ հյուրն էլ լինելու է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։