Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 01-10-2017
Մեգին հանրությանը ներկայացրել իր «Երազանքներ» երգի տեսահոլովակը
Պատանի երգչուհի Մեգին երեկ ներկայացրեց իր նոր` «Երազանքներ» տեսահոլովակը։

Երգչուհու համար երազանքն իրական հեքիաթ է: Ինչպես մեզ հետ զրույցում ընդգծեց Մեգին, բոլորը պետք է երազեն, գնան իրենց երազանքների հետեւից, եւ ահա մի օր անիրական թվացող երազանքը կդառնա իրականություն։

«Երազանքներ» տեսահոլովակը նկարահանել է Արմեն Վիրաբյանը։ Երաժշտության հեղինակը Արմեն Վիրաբյանն է, խոսքերը գրել է Գայանե Դանիելյանը, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը։



Մեգին իրեն երջանիկ է համարում: Երազանքները մշտապես կապելով բնության հետ՝ նա բնությունից վերցրել է այն, ինչ իրեն անհրաժեշտ է: Ինչ վերաբերում է բեմական կարիերային, ապա Մեգին նշեց․«Բեմը միշտ լինելու է ինձ հետ, իմ կողքին, եթե անգամ ընտրեմ մեկ այլ մասնագիտություն, միեւնույնն է, այն ինձ հետ է լինելու թեկուզեւ որպես նախասիրություն»։

Տեսահոլովակը 3 օրում նկարահանվել է Դիլիջանում։ Մեզ հետ զրույցում երգչուհին ընդգծեց, որ նկարահանումներն իրականացել են ջերմ մթնոլորտում, ստեղծագործական թիմը բազմաթիվ հետաքրքիր պահեր է ունեցել։ Ի դեպ, նկարահանումների վայրը պատահական չի ընտրվել, քանի որ բնությունը ստիպում է երազել, այն երազանքին հետաքրքիր երանգ է տալիս։



Միջոցառման կազմակերպչական հարցերով զբաղվել է Իրինան՝ երգչուհու մայրը։ Ընդ որում՝ Մեգին մեծ ուրախությամբ ընդգծեց, որ թե՛ մայրիկը, թե՛ տատիկը եւ թե՛ մորաքույրը մեծ աջակցություն են ցուցաբերում՝ մշտապես լինելով իր կողքին. «Մայրիկս զբաղվում է իմ պրոդյուսերությամբ, տատիկս ճիշտ կերպով կազմակերպում է իմ առօրյան, իսկ ահա իմ բեմական ոճի համար մշտապես դիմում եմ մորաքրոջս»։

Ցերեկույթի ընթացքում Մեգին երգեց` ներկայացնելով իր արդեն հայտնի երգերը։ Երգչուհուն նաեւ անակնկալ էր սպասվում. նրա երգերից մեկը դարձել է «Ես քեզ սիրում եմ» խորագրով նոր ֆիլմի սաունդթրեքը։