Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-10-2017
Արդյոք Ռոնալդուն կրկին լավագույնը կլինի
ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի եւ լավագույն մարզչի թեկնածուների շարքը նոսրացել է:

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիան ներկայացրել է, թե ովքեր են հավակնում անցած մրցաշրջանի արդյունքներով լավագույնների կոչմանը: Պաշտոնական մրցանակաբաշխությունը նախատեսված է հոկտեմբերի 23-ին Լոնդոնում: Տարվա լավագույն ֆուտբոլիստների հավակնորդների վերջնական ցանկը կրճատվել է՝ հասնելով 3-ի: Հիմնական թեկնածուներն են Մադրիդի Ռեալի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, կատալոնական Բարսելոնայի արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին եւ ամռանը ակումբային գրանցումը փոխած եւ ֆրանսիական Պարի Սեն Ժերմեն ֆուտբոլի ակումբ տեղափոխված բրազիլացի Նեյմարը:

Կրճատվել է նաեւ տարվա լավագույն մարզչի թեկնածուների ցանկը՝ Զինեդին Զիդան, Անտոնիո Կոնտե եւ Մասիմիլիանո Ալեգրի: Եթե իտալացի մասնագետներից առաջինը չեմպիոնության է հասել անգլիական Չելսիի ղեկին, ապա Ալեգրիի գլխավորությամբ Յուվենթուսը տիրացել է 6-րդ անընդմեջ Սկուդետոյին, հաղթել Իտալիայի գավաթում եւ խաղացել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Զինեդին Զիդանի գլխավորած Արքայական ակումբն էլ հաղթել է իսպանական Լա Լիգայում եւ երկրորդ տարին անընդմեջ դարձել Եվրոպայի ուժեղագույն ակումբը՝ տիրանալով Չեմպիոնների լիգայի գավաթին:

Տարվա լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում են Յուվենթուսի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնը, Ռեալի հիմնական դարպասապահ Կեյլոր Նավասը եւ ներկայում բարդ վնասվածքից ապաքինվող, Մյունխենի Բավարիայի առաջատար Մանուել Նոյերը:

ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն գոլին՝ Պուշկասի մրցանակին, հավակնում է 10 թեկնածու, որոնց շարքում առանձնանում են Օլիվյե Ժիրուն՝ իր կարիճ տեսակի հարվածով, Մարիո Մանջուկիչը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում արարված գլուխգործոցի եւ Կեւին Փրինս Բոատենգը՝ խաղընկերների գործողությունները խելահեղ հարվածով եզրափակելու շնորհիվ:

Հ.Գ.: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ կարիճ տեսակի հարվածով Մանչեսթեր Յունայթեդի կազմում խփված գնդակը Պուշկասի մրցանակի հավակնորդների ցանկում այդպես էլ չկա: