Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Անի Մկրտչյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 02-10-2017
«Հաջողության գրավականը». գովազդային հոլովակներից հայտնի շիկահեր հայուհին
Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը: Շարք, որի շրջանակում խոսվում է հայ երիտասարդների մասին, ովքեր երիտասարդ տարիքում արդեն հաջողությունների են հասել: Այս անգամ մեր խորագրում անդրադարձել ենք բազմաթիվ գովազդային վահանակներից եւ հոլովակներից հայտնի շիկահեր գեղեցկուհուն՝ Անի Մկրտչյանին:

Անի Մկրտչյանը 24 տարեկան է, մասնագիտությունը՝ հանրային կառավարում, տիրապետում է ռուսերենին, անգլերենին եւ ֆրանսերենին: Մեր հերոսուհին իր տեսակով, բնավորությամբ եւ նպատակասլացությամբ հասել է մեծ հաջողությունների, որոնց մասին էլ կիսվել է մեզ հետ:



Էկրաններին հայտնվելու ճանապարհ, գովազդներ, մոդելային կարիերա…


Էկրանին հայտնվելու առաջին փորձերս դպրոցական տարիներին էին՝ տեղական մանկապատանեկան հեռուստաընկերությունում որպես հաղորդավարուհի: Ժամանակի ընթացքում փոխվեցին հետաքրքրություններս ու հայացքներս, սակայն չփոխվեց վերաբերմունքս դեպի հեռուստատեսային աշխատանքն ու նկարահանումները: Ստանում էի առաջարկներ տարբեր ընկերությունների կողմից եւ համաձայնում՝ ըստ հետաքրքրություններիս ու հայացքներիս համընկնման եւ ուսմանս հետ համատեղելիության: Այնպես ստացվեց, որ ժամանակի ընթացքում հավաքեցի բավականին հետաքրքիր պորտֆոլիո: Աշխատել եմ տաղանդավոր լուսանկարիչների հետ, ներկայացել տարբեր հայտնի բրենդների գովազդային հոլովակներում եւ մայրաքաղաքի գովազդային պաստառներում: Ժամանակի հետ այս հետաքրքրությունս վերաճեց ոչ միայն հաճելի, այլեւ անփոխարինելի զբաղմունքի՝ հաճախ ստեղծելով թյուր տպավորություն, թե դա իմ մասնագիտությունն է: Մինչդեռ այն կազմում է զբաղվածությանս եւ գործունեությանս մի քանի տոկոսը միայն: Այն դիտարկում եմ որպես հաճելի զբաղմունք՝ ստեղծագործական հակումներս  դրսեւորելու եւ դրական էներգիա ձեռք բերելու աղբյուր: 



Հայուհու կերպարն իր մեջ ամբողջացնող լուսանկարի պատմությունն ու դրա ակնթարթային տարածումը համացանցում…

Այդ լուսանկարն իմ լավագույն եւ դեռեւս անգերազանցելի աշխատանքն է: Կարծում եմ՝ ես եւ լուսանկարիչ Իլյա Վարդանյանը հաջողությամբ ենք կատարել մեր առջեւ դրված խնդիրը: Մենք ստեղծել ենք հայուհու հավաքական կերպար՝ իր բոլոր գծերով ու գույներով, ազգային տարազի նուրբ դետալների ներքո թախծոտ, բայց եւ խորին ու ազդեցիկ աչքերի արտահայտությամբ հայուհի, ում լուռ հայացքում ասես դրոշմված է մի ամբողջ ազգի գենետիկ հիշողությունը: Շնորհիվ դրա՝ այդ նկարը վաղուց դադարել է իմ դիմանկարի արտահայտություն լինելուց. այն նայելիս մարդիկ տեսնում են ոչ թե ինձ, այլ հայուհուն, հայ կնոջը: Դա անչափ հաճելի է, որոշակի առումով՝ պարտավորեցնող: Նկարի աննախադեպ տարածման արդյունքում  անգամ այլեւս ուշադրություն չենք դարձնում հեղինակային իրավունքի խախտման բազմաթիվ դեպքերին:



ԱԺ-ին կից գործող Երիտասարդական խորհրդարանի անդամ, երիտասարդական խնդիրների բարձրաձայնում…

2012-ից 2017 թվականներին հանդիսացել եմ երկրորդ գումարման Ազգային ժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի անդամ՝ ինքնաառաջադրման սկզբունքով: Ընթացքում նաեւ եղել եմ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: Ուսանողի, երիտասարդի համար մեծ հաջողություն է փորձառություն ձեռք բերել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, հնարավորություն ստանալ ծանոթանալու օրենսդրական նախաձեռնության, իրավաստեղծ գործընթացներին, ելույթ ունենալու ԱԺ ամբիոնից, բարձրացնելու երիտասարդությանը եւ երկրին վերաբերող հարցեր, առաջարկելու լուծումներ եւ ծավալելու քննարկումներ, առհասարակ մոտ գտնվելու երկրի քաղաքական իրադարձություններին: Գուցե մոտ ապագայում ուժերս փորձեմ նաեւ երրորդ գումարման Երիտասարդական խորհրդարանում, մինչեւ որ կհասնեմ օրենսդիրում ընդգրկվելու սահմանադրորեն թույլատրելի տարիքիս: Գուցե համալրեմ արդեն իսկ հայտնի եւ հաջողակ հայուհի քաղաքական գործիչների շարքը: Գուցե... Սրանք դեռեւս մտորումներ են:



Շիկահեր դառնալու կտրուկ որոշում, կարծրատիպի կոտրում… 

Որոշեցի շիկահեր դառնալ, քանի որ մազերիս բնական բաց գույնի շնորհիվ այս երանգն ինձ կարող էր տրվել շատ հեշտ, եւ փոփոխությունը չէր լինի կտրուկ: Շիկահերների մասին հումորներին թեթեւ եմ վերաբերում, սակայն ցավով պետք է նշեմ, որ այդ ամենը միայն հումորներով չի սահմանափակվում: Մեր հանրությունը բավականաչափ կարծրատիպային է եւ հակված է մարդու մասին դատողությունները հիմնել սոսկ արտաքին հատկանիշների վրա: Արդյունքում տուժում է գեղեցիկ եւ խնամված կինը՝ հատկապես եթե շիկահեր է: Իսկ եթե նա փորձում է հասարակության մեջ արժանի տեղ գրավել, ապա շարունակ հայտնվում է մի պայքարում, որտեղ անհրաժեշտ է ամեն պահի ապացուցել, որ նա միայն գեղեցկություն կրող օբյեկտ չէ, այլ ավելին: Հուսանք՝ մեր հասարակության գիտակցության աստիճանն ու պատկերացումները ժամանակի ընթացքում կփոխվեն, եւ աստիճանաբար կազատվենք այդ եւ նմանատիպ այլ կարծրատիպերից:

Աշխատասիրություն, տրամադրության առկայություն, գեղեցիկ տեսք, ինտելեկտը, բոլորը միասին…

Գեղեցիկ, խնամված արտաքինի եւ ինտելեկտի համադրությունը հաճելի եւ ցանկալի է յուրաքանչյուր գործում: Սակայն էլ ավելի կարեւոր է աշխատասիրությունը, շարունակ ինքնակատարելագործվելու ձգտումը, նաեւ նպատակասլացությունը՝ սկսած ճանապարհդ մինչեւ վերջ գնալու, ինքդ քեզ հավատալու, չկոտրվելու, չհանձնվելու, պայքարելու ունակությունը:



Նախագծեր, նոր պլաններ, բացառապես հայրենիքում աշխատելու ցանկություն…

Այս պահին ներգրավված եմ ինտերնետ կառավարման ոլորտում՝ համաշխարհային ինտերնետ հանրության հետ աշխատանքներում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ: Ամբողջ աշխարհում այսօր ինտերնետ կառավարումն ունի բավականին լուրջ կարգավիճակ, մինչդեռ Հայաստանում, ցավոք, այդ հասկացությունը ծանոթ է գրեթե միայն մասնագիտական լսարանին: Այս պահին անցկացնում եմ մի շարք հետազոտություններ, հանրային հարցումներ եւ նախագծեր, որոնց նպատակն է մեր երկրին մասնակից դարձնել ինտերնետ կառավարման տարածաշրջանային եւ համաշխարհային գործընթացներին: Սա միջոց է վեր հանելու երկրում առկա ինտերնետին առնչվող խնդիրները, փորձել գտնել դրանց լուծումներն ու տարբերակները:

Երբեւէ չեմ մտածել արտերկրում աշխատելու եւ գործունեություն ծավալելու մասին, չնայած գործի բերմամբ հաճախ եմ դրսում լինում: Մեր երկրի վրա բավականաչափ ջանք եւ եռանդ են դրված, որպեսզի մենք՝ երիտասարդներս, ապրենք, արարենք, մեր ներուժն ու էներգիան օգտագործենք այստեղ: Սա է մեր հայրենիքը, այստեղ է մեզ համար լավագույնը։

Անի Մկրտչյանի հաջողության  գրավականը…

Իմ հաջողության գրավականներն են նպատակասլացությունը, աշխատասիրությունն ու բոլոր իրավիճակներում դրական տրամադրվածությունը: