Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Սերգեյ Ռյազանսկու ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 02-10-2017
Ռուս տիեզերագնացը հրապարակել է Արարատ լեռան` տիեզերքից արված բացառիկ լուսանկարներ
Ռուս հայտնի օդաչու, տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արարատ լեռան` տիեզերքից արված բացառիկ լուսանկարներ:

Լուսանկարներին կից նա թողել է նաեւ մեկնաբանություն. «Արարատ. Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը: Այն բաղկացած է երկու՝ Մեծ եւ Փոքր (Սիս) Մասիսներից»:

Արարատ լեռը, ինչպես հայտնի է, Հայաստանի խորհրդանիշներից մեկն է: Ըստ Աստվածաշնչի՝ Նոյն իր տապանով իջել է Արարատի վրա, որտեղից էլ սկսվել է նոր կյանքի սկիզբը: Արարատ լեռը պատկերված է ՀՀ զինանշանի եւ Հայաստանի այլ խորհրդանիշների վրա:  



Հրապարակված լուսանկարներն իհարկե զերծ չեն մնացել մեկնաբանություններից ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի օգտատերերի կողմից: Հայ օգտատերները շնորհակալության եւ երախտիքի խոսքեր են հայտնել տիեզերագնացին՝ այդպիսի հիանալի լուսանկարներ հրապարակելու համար, իսկ օտարերկրացիները սկսել են հետաքրքրվել, թե որտեղից կարելի է ականատես լինել նման հիանալի տեսարանի: Նրանցից շատերն անգամ հայկական «Արարատ» կոնյակի լուսանկարներն են հրապարակել՝ նշելով, որ հիացած են, քանի որ այդ հիանալի տեսարանը կարողացան տեսնել նաեւ տիեզերքից: 



Նշենք, որ հայտնի տիեզերագնացը մշտապես ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է լճերի, քաղաքների, ծովերի, լեռների՝ տիեզերքից արված լուսանկարները: