Նյութը՝ Դ. Եղիազարյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 05-10-2017
«Սուպեր մամա 2» կամ սիրված հերոսների արկածները շարունակվեցին
«Սուպեր մամա» հայկական գեղարվեստական ֆիլմից հետո շատ հերոսների ճակատագիրն առկախված էր թողնվել։

Ընդամենը երկու տարի անց ֆիլմի գլխավոր հերոսները վերադառնում են մեծ էկրան, քանի որ դեռեւս ասելիք կար․ չէր ներկայացվել ամբողջ պատմությունը։ «Սուպեր մամա 2» գեղարվեստական ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Հայկ Մարությանի խոսքով՝ առաջին ֆիլմն ամբողջական էր ու կիսատ թողնված պատմություն չկար. «Միակ բանը, որ մնացել էր լիովին չբացահայտված, այն էր, թե ինչ եղավ այդ ընտանիքի հետ: Մարդիկ շատ սիրեցին մեր ֆիլմի կերպարներին։ Միտք առաջացավ այդ հերոսների կյանքի շարունակությունը նկարահանելու: Ինչպես ասում են՝ ֆիլմի առաջին մասի հաջողությունը պատճառ դարձավ, որ ստեղծենք նաեւ երկրորդը»։

Անսպասելի իրավիճակներ, հերոսների հետաքրքիր արկածներ աշխարհիկ ու բանտային կյանքում, պայքար հանուն ընտանիքի ամրության եւ սիրո պահպանման, կատակերգական բառ ու բան. ահա այն ամենը, ինչ առաջարկում է «Սուպեր մամա 2»-ը հանդիսատեսին։ Գլխավոր դերակատարներ Հայկ Մարությանը եւ Գարիկ Պապոյանը վստահ են, որ առաջին մասը սիրած հանդիսատեսը դժգոհ չի մնա «Սուպեր մամա 2» ֆիլմից, քանի որ այն երկու անգամ ավելի ջանք ու եռանդ է տարել, քան առաջին ֆիլմը, բացի դրանից՝ ֆինանսական առումով էլ ֆիլմը կրկնակի բյուջե է ունեցել։

«Մենք չունեինք հոլիվուդյան ֆիլմարտադրության միջինացված բյուջեի անգամ կեսը, սակայն լավ ենք բաշխել այդ գումարը եւ արդյունքից գոհ ենք։ Սա երկու քայլով ավելի առաջ է տանում այն նշաձողը, որ մենք սահմանել էինք առաջին ֆիլմը ստեղծելիս»,- նշեց Հայկ Մարությանը՝ կատակելով, թե անգամ մեքենան է վաճառել ֆիլմի նկարահանումներն ավարտելու համար (առաջին ֆիլմի մեծ էկրան բարձրանալուց հետո Հայկ Մարությանը նշել էր, թե ունեցած բնակարաններից մեկն է վաճառել)։

Կնոջ դեր մարմնավորած Գարիկ Պապոյանը նշեց, թե լիովին հագեցած է իր կերտած դերից եւ մոտ ապագայում այլեւս չի փորձելու այդպիսի դերակատարում. «Եթե մինչ այս կերպարը մարմնավորելը ուղղակի ինձ մոտ հարցեր էին առաջանում շատ դիմահարդարում կրող աղջիկների առումով, այժմ առհասարակ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել make up-ով: Սկզբում խնդիրներ ունեի կերպարի ձայնը կերտելու առումով, բայց պարզվեց, որ կնոջ ձայն ստանալու մեթոդ կա: Մինչ այդ էլի էի խաղացել կանանց դերում, բայց դա ընդամենը կեղծամով եւ զգեստով սահմանափակվում էր, բայց ավելի քան 10-12 ժամ լինել այդքան շպարով, որն անընդհատ թարմացնում էին ֆիլմի նկարահանման ընթացքում, նման բան իմ կյանքում չէր եղել, ու հուսով եմ՝ էլ չի լինի»։

Որպես ֆիլմի պրոդյուսեր՝ Հայկ Մարությանն այսօրվանից մեկնարկած վարձույթից չափազանց մեծ սպասելիքներ չունի. «Այո՛, մենք երկու տարի առաջ ունեցանք Հայաստանի պատմության մեջ ամենից շատ տոմսերի վաճառքը. ավելի քան 220 հազար տոմս էր վաճառվել։ Այսօր ունենք իրավիճակ, երբ այդ երկու տարիներին մեր երկրի բնակչությունը նվազել է, կա սոցիալական խնդիր, եւ դժվար է ասել, թե «Սուպեր մամա 2»-ը կգերազանցի առաջին ֆիլմի վարձութային հասույթը կամ անգամ կկրկնի այն։ Ամեն դեպքում մենք վստահ ենք, որ ֆիլմը կսիրվի ու մեծ ուրախությամբ կընդունվի»։

Բացի Հայկ Մարությանից ու Գարիկ Պապոյանից՝ «Սուպեր մամա 2» ֆիլմում նկարահանվել են նաեւ Անի Խաչիկյանը, Արսինե Նավասարդյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լիլի Էլբակյանը, Նարինե Ոսկանյանը, Էվա Խաչատրյանը, Իվետա Եդիգարյանը, Արման Նավասարդյանը, անգամ Հրաչ Մուրադյանը, երգիչ Էրիկը եւ հայ իրականությունում հայտնի այլ դեմքեր։ Առաջին ֆիլմի ամենասիրելի կերպարներն իրենց նորովի են բացահայտում «Սուպեր մամա 2»-ում։

Ֆիլմում բանտային կյանքին հարմարված եւ ճաղերի հետեւում իր կլանը ստեղծած Ցողիկի դերակատար Արսինե Նավասարդյանը նշեց, որ իր համար չափազանց բարդ է եղել այդօրինակ կնոջը մարմնավորելը. «Ես շատ հեռու եմ այդպիսին լինելուց, եւ պետք էր լավ խաղալ, այլապես կերպարը կարող էր չստացվել։ Իրոք, բավականին բարդ էր»։

Լիլի Էլբակյանն էլ նշեց, որ իրեն ավելի լավ զգում է ոչ թե նկարահանումների հրապարակում, այլ թատրոնի բեմում, այնպես որ ինքն էլ մի շարք դժվարությունների է հանդիպել. «Ֆիլմերում շատ չեմ նկարահանվում, ինձ ավելի լավ թատրոնում եմ զգում, քանի որ ֆիլմն ավելի բարդ է ինձ համար»։

«Սուպեր մամա 2» գեղարվեստական ֆիլմի մտահղացումից, սցենարի պատրաստումից մինչեւ բուն նկարահանման փուլ տեւել է երկու տարի։ Ֆիլմի հիմնական գործողությունները տեղի են ունենում կանանց ուղղիչ գաղութում։

Ֆիլմը ռոմանտիկ կատակերգությունից դարձել է արկածային, ասել է թե գործողություններն արագ են զարգանում եւ անընդհատ հետ։ «Սուպեր մամա 2»-ի առանցքում շարունակում են մնալ հայ ընտանիքի գաղափարը, դրա կարեւորությունը, հայր եւ որդի հարաբերությունները, որոնք ֆիլմ ստեղծողների կողմից ներկայացված են այնպես, որ ամեն ինչ ընկալելի ու մատչելի լինի հանդիսատեսին։

Այս անգամ ֆիլմի ստեղծագործական խումբը պատրաստվում է այնպես անել, որ «Սուպեր մամա 2»-ը հասանելի լինի ոչ միայն մայրաքաղաք Երեւանում ու այն քաղաքներում, որտեղ կինոթատրոն կա։ Հայկ Մարությանի խոսքով՝ ֆիլմն անպայման կցուցադրվի նաեւ Հայաստանի ամենահեռու համայնքներում ու բոլոր մարզերում. «Ֆիլմը պարտադիր ցուցադրվելու է մարզերում: Այն մարզերում, որտեղ կան կինոթատրոններ, ֆիլմը կտեսնեն կինոթատրոնների էկրաններին, իսկ բացակայության դեպքում՝ մենք հաստատ ցուցադրման այլ միջոցներ կգտնենք»:

Հոկտեմբերի 4-ին կայացած փակ ցուցադրությունից հետո՝ այսօրվանից, Երեւանում մեկնարկում է «Սուպեր մամա 2»-ի պրեմիերան։ Ընդամենը երեք օր անց այն կհասնի նաեւ Արցախ եւ Հայաստանի մյուս համայնքներ։

Պատկերասրահ՝ «Սուպեր մամա 2». պրեմիերա