Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-10-2017
«Մենք ենք, մեր ստերը». Նարեկ Դուրյանի նոր ներկայացումը՝ «Բոհեմ» թատրոնի բեմում
Սիրված ներկայացումը՝ 8 տարի անց. հոկտեմբերի 5-ին «Բոհեմ» թատրոնում ցուցադրվեց «Մենք ենք, մեր ստերը» կատակերգությունը՝ ըստ Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» պիեսի:

Նարեկ Դուրյանի հիմնադրած ու ղեկավարած թատրոնի բեմում սուտն էր՝ իր ողջ դրսեւորումներով: Ներկայացման գլխավոր հերոսը պատգամավոր է, մարդ, ով առաջին հայացքից չի կարողանում ստել: Եվ այդ պատգամավորը կամ դեպուտատը, ինչպես նրան կոչում են ներկայացման մեջ, փնտրում է օգնականի, ով կկարողանա լսել ընտրողներին, համոզել նրանց, խոստումներ տալ ու, իհարկե, խաբել: Չէ՞ որ ինչպես ինքն է ասում՝ դեպուտատ լինելը դժվար գործ է:

Ի վերջո, պաշտոնավոր հերոսը գտնում է երանելի օգնականին, ով առաջին հայացքից իսկապես ստի վարպետ է: Սակայն պարզվում է, որ դեպուտատի կինը նույնպես հրաշալի ստախոս է: Եվ ինչպես պատգամավորի նորահայտ օգնական Փուչիկ-Խաչիկն է ասում՝ կանայք բնածին ստախոս են, Աստված նրանց օժտել է այդ շնորհով: Նախ սուտն է ծնվում, ապա՝ կինը: Ու հարց է առաջանում՝ այդ պարագայում ո՞վ կհաղթի: 

Այս համատեքստում ներկայացումը նաեւ կին-տղամարդ հարաբերությունների մասին է. հնարավորություն է տալիս հասկանալու, թե ով է ավելի լավ ստախոս՝ կի՞նը, թե՞ տղամարդը: Անդրադարձ է կատարվում նաեւ երեւանյան տրանսպորտի ողբերգական վիճակին: Սակայն ներկայացման գլխավոր միտքը հետեւյալն է՝ բոլորս էլ ստախոս ենք, ու կրկնակի է ստում այն մարդը, ով պնդում է, որ սուտ խոսել չի կարողանում: 

Նշենք, որ ներկայացման տեղայնացումն ու բեմադրությունն իրականացրել է Նարեկ Դուրյանը, պրոդյուսերն է Քրիստինե Հովհաննիսյանը: Գլխավոր դերում Նարեկ Դուրյանն է: Դերերում հանդես են գալիս Կարեն Միրիջանյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Թելման Առաքելյանը, Սիրանուշ Երիկյանը, Գարիկ Միրզոյանը, Սուսաննա Ղազարյանը, Տաթեւ Միրումյանը:  

Ներկայացումը կցուցադրվի նաեւ հոկտեմբերի 7-ին: «Մենք ենք, մեր ստեր»-ն այսուհետեւ կընդգրկվի «Բոհեմ» թատրոնի խաղացանկում:

Պատկերասրահ՝ Նարեկ Դուրյան. «Մենք ենք, մեր ստերը»