Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 06-10-2017
Ժպտում ենք բոլորս
Այսօր Ժպիտի միջազգային օրն է։ Ամեն տարի՝ հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը, ամբողջ աշխարհը նշում է այս ուրախ տոնը։

Անխոս, տոնի գոյության համար աշխարհը պարտական է նկարիչ Հարվի Բելլին: 20-րդ դարի սկզբներին նա ապրում էր Ամերիկայում: Ոչնչով աչքի չընկնող մի նկարիչ էր, որով նույնիսկ չէին հետաքրքրվում քննադատները: Սակայն օրերից մի օր, ինչպես է ստացվում, նրան է դիմում «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը՝ խնդրելով, որ ստեղծի ինչ-որ վառ եւ աչքի զարնող սիմվոլ՝ որպես ընկերության այցեքարտ: Եվ հենց այդ ժամանակ էլ Բելլը ստեղծում է մեր սիրելի «Ժպիտը»։

Սիմվոլ, որը դարձավ երջանկության խորհրդանիշ ամբողջ աշխարհում: Հարվի Բելլը «Ժպիտը» նկարել է 40 րոպեում, սակայն սիմվոլը բոլորին ուրախություն է պարգեւում արդեն գրեթե 100 տարի: 

Մենք չենք էլ նկատում, թե «Ժպիտը» կոչվող եւ ժպտացող դեղին պատկերն օրը քանի անգամ ենք օգտագործում համացանցից, հեռախոսներից օգտվելիս: 

Ինչեւէ, 1999 թվականից բազմաթիվ երկրներ նշում են տոնը, անգամ կազմակերպվում են փառատոներ: Հայաստանը եւս անմասն չի մնում այդ ամենից. այստեղ եւս կազմակերպվում են  բազմաթիվ միջոցառումներ եւ մրցույթներ։