Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-10-2017
Ռենե Ֆլեմինգ. օպերային դիվան Հայաստանում է
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում առաջին անգամ Երեւան է ժամանել «Գրեմմիի» քառակի դափնեկիր, աշխարհահռչակ սոպրանո Ռենե Ֆլեմինգը:

Օպերային դիվայի մասնակցությամբ համերգը հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում (թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, դիրիժոր՝ Կոնստանտին Օրբելյան): Չնայած շլացուցիչ կարիերային՝ Հայաստանում Ֆլեմինգն այնքան էլ ճանաչված չէ ու առավելապես հայտնի է դասական երաժշտության սիրահարների նեղ շրջանակում: 

Eritasard.am-ն առաջարկում է ավելի մոտիկից ծանոթանալ Ռենե Ֆլեմինգի հետ:



Չորս «Գրեմմիի» եւ համաշխարհային մամուլի սեր

Ռենե Ֆլեմինգը հանդես է եկել աշխարհի հայտնի օպերային թատրոններում («Լա Սկալա», «Քովենտ Գարդեն», «Գլայնդբորն», «Մետրոպոլիտեն օպերա» եւ այլն)։ Առավել հայտնի է Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի եւ Վերդիի օպերաներում գլխավոր դերերգերի կատարմամբ։

Ռենե Ֆլեմինգը ծնվել է 1959 թ. ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ինդիանա քաղաքում՝ երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Իսթմենյան երաժշտական դպրոցում։ Դեբյուտը կայացել է 1986 թվականին («Առեւանգում հարեմից», Մոցարտ): 



«Լեգենդար երգչուհի, ում աստղային փայլը շլացուցիչ է», «Անկասկած, մեր մոլորակի ամենագեղեցիկ ձայնը», «Համաշխարհային օպերային բեմի իշխող թագուհի». միջազգային մամուլի այս գնահատականները երգչուհի Ռենե Ֆլեմինգի մասին են:

Սոպրանոյի ձայնը հնչում է աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում, նրա դիմանկարները զարդարում են Վաշինգտոնի ազգային պատկերասրահի մշտական հավաքածուն: Աստղի զգեստների դիզայներներն են Զոն Գալիանոն, Զանֆրանկո Ֆերրեն, Վիվիան Վեստվուդը, Վերա Վանգը: Ֆլեմինգի համերգային զգեստներից մի քանիսը գտնվում են Սթիմսոնյան թանգարանում: 



Իր կյանքի մասին երգչուհու հեղինակած գիրքը վերատպվել է 16 անգամ եւ թարգմանվել 7 լեզուներով: Ռենե Ֆլեմինգի անունով թողարկվել է օծանելիք, արտադրվել են թանկարժեք զարդեր, որոնք վաճառվել են նաեւ Սոտբիս աճուրդում: Նյույորքյան հայտնի ռեստորանում կա սիրված երգչուհու անունը կրող դեսերտ: 

Ֆլեմինգ. մնայուն արժեք



Ռենե Ֆլեմինգի ձայնագրությունները Կոնգրեսի կողմից հռչակվել են որպես ազգային գանձ եւ մնայուն արժեք: 

Օպերային երգացանկին զուգահեռ՝ Ռենեն երգում է ռոք եւ փոփ արտիստների երգեր: Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Շուտով էկրան կբարձրանա մեկ այլ հոլիվուդյան ֆիլմ, որտեղ նա մարմնավորում է Ռոքսանի երգող ձայնը` Ջուլիանա Մուրի դերակատարությամբ, ինչպես նաեւ Սթիվեն Սթիլբերգի «Տինտինի արկածները» ֆիլմը: Նա ձայնագրել է «Դեռ երազում եմ» երգը Dreamworks Animation-ի «Երազների պահապանները» ֆիլմի համար: