Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-10-2017
Դաշնամուրամարտ բեմում
Բեմում մարտի էին բռնվել դաշնակահարները. նրանց «օգնում» էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Հոկտեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում համաշխարհային պրեմիերա էր. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմում էր «PIANO BATTLE meets ORCHESTRA»-ն: Համերգը կայացավ Երեւանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում եւ նվիրված էր հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաեւ եզրափակում էր «Գերմաներենի շաբաթ» միջոցառումների շարքը:

Ռախմանինովը՝ ընդդեմ Շոպենի, Մոցարտը՝ ընդդեմ Վագների, Բեթհովենը՝ ընդդեմ Սեն-Սանսի, իսկ ամենավերջում՝ «Աստղային պատերազմներ» կոնցերտը: 

Շոու համերգով դաշնակահարներ Անդրեաս Քեռնը եւ Պաուլ Ցիբիսն իրենց մրցելույթի երրորդ կողմ են դարձնում նվագախմբին: Տարբեր գործիքային խմբեր «զենք» են դառնում, որոնց կարելի է ընտրել եւ կիրառել յուրաքանչյուր հաջորդ ռաունդում: 

Համերգը վարում էր «ԱրմՔոմեդի»-ից Սերգեյ Սարգսյանը,  դիրիժորն էր Էդուարդ Թոփչյանը:

«Այս տարի մենք տոնում ենք հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ հարկ համարեցինք այսպիսի մեծ, լայն ձեւաչափով եւս մեկ անգամ արժեւորել այդ իրադարձությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: 

Նա նշեց, որ երկար տարիներ համագործակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ. «Այսօրվա համերգը համաշխարհային պրեմիերա է, քանի որ երկու դաշնակահարները մինչ այժմ դաշնամուրամարտ ձեւաչափով աշխարհի տարբեր բեմերից ելույթ են ունեցել միայնակ, բայց այս անգամ որոշվեց, որ նրանց կմիանա նաեւ նվագախումբը: Շատ ուրախ ենք, որ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ  կարողացանք իրականացնել այս նախագիծը»: 
 
Պատկերասրահ՝ Դաշնամուրամարտ